Արգելվելու է Խոսրովի արգելոցին մոտ որսահանդակների առկայությունը
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր այցելել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհից վնասված տարածքներ, շրջել մի քանի տեղամասերում, որտեղ մասնագետներն արձանագրել են բնության ինքնավերականգնման ակնառու փաստեր:
ԲՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Հրաչյա Հովակիմյանն սշխատանքային խմբին և լրագրողներին հայտնել է, որ կրակի արագ տարածման հետևանքով շատ բույսերի արմատային համակարգերը չեն վնասվել, ինչը փաստում են ինքնավերականգնման արդեն իսկ արձանագրված համատարած դեպքերը, իսկ կենդանական աշխարհից արձանագրվել է միայն մորեխների և մրջյունների վնասման դեպքեր: Աշխատանքային խմբի անդամները և վերջիններիս ուղեկցող լրագրողները տեղում արձանագրել են արգելոցի բնակչին` գյուրզա տեսակի օձին:
ՀՀ բնապահպանության նախարարը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ արգելոցում իրականացվում են լայնամասշտաբ բարեփոխումներ:
Մասնավորապես` կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում կձևավորվի ուղեփակոցային հսկողության ծառայութուն` մուտքի սահմանված ռեժիմն լիարժեք ապահովելու համար, երկրորդը` ստեղծվելու է արագ արձագանքման խումբ, որը որսագողության և տարերային աղետների դեմ պայքարի արագ միջոցառումներ կիրականացնի և երրորդ` կձևավորվեն ըստ տեղամասերի ծառայություններ, որոնք առանձին-առանձին կիրականացնեն արգելոցային ռեժիմի պահպանման և մոնիթորինգի աշխատանքները:
Նախատեսվում է իրականացնել հակահրդեհային համալիր միջոցառումներ` տեխնիկական համապատասխան սարքերով արգելոցը զինելուց մինչև ջրագծերի միջոցով արգելոցի որոշ տարածքներից ջուրն առավել ջրազուրկ հատվածներ հասցնելը: Բարեփոխումների շրջանակում մշակվում է և առաջիկայում ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի արգելոցի կառավարման նոր պլանը, որով լուծվելու են սկզբունքային մի շարք հարցեր, մասնավորապես` ամբողջացվելու են արգելոցի սահմանները, քանի որ դրանց ներկայիս հատվածական բնույթը խոչընդոտում է լիարժեք պահպանությանը, արգելվելու է նաև արգելոցին մոտ որսահանդակների առկայությունը` բացառելով հավանականությունը, որ այդ հատվածներում որսի թիրախ դառնան նաև արգելոցից դուրս եկած կենդանիները:
Նախարարը տեղեկացրել է, որ արգելոցի խնդիրների լուծմանը կուղղվեն դրամաշնորհային և հիմնադրամների կողմից հատկացվող մասնավոր նվիրատվությունները: Սակայն Արծվիկ Մինասյանն առաջնային է համարել հասարակության մոտ բնապահպանական գիտակցության և մշակույթի ձևավորում, առանց որի, ինչքան էլ լավ աշխատեն պետական պատասխանատու կառույցները, հնարավոր չէ արդյունավետորեն պահպանել շրջակա միջավայրը:
Անդրադառնալով հրդեհի բռնկման պատճառների մասին հարցին` Ա.Մինասյանը հայտնել է, որ ԱՄՆ կառավարության տրամադրած արբանյակային լուսանկարներից երևում է, որ հրդեհի բռնկումն արձանագրելուց մի քանի ժամ անց առկա է եղել 3 օջախ, որոնք միմյանցից հեռու են 3-4 կիլոմետր, ինչը բնական երևույթներով չէր կարող պայմանավորված լինել, իսկ մարդու միջամտության միտումնավոր, թե պատահական լինելը կարող է պարզել միայն հետաքննությունը:
Բնապահպանության նախարարը նշել է, որ արգելոցի տեխնիկական վերազինման աշխատանքներին զուգահեռ առաջիկայում պահպանվող տարածքը կապահովվի օդային կապով, ինչը կնպաստի արագ արձագանքման և մոնիթորինգի աշխատանքներին:
Հարակից հրապարակումներ`
- Խոսրովի արգելոցի հրդեհը միտումնավոր չի եղել, եղել է անփութության արդյունք. Դավիթ Տոնոյան
- Քննչական կոմիտեն դեռևս չի պարզել Խոսրովի անտառի հրդեհի իրական պատճառները. «Ժողովուրդ»
- Խոսրովի անտառում ֆաունայի ներկայացուցիչները վերադառնում են բնականոն ապրելաձևի. ԲՆ
- ԲՆ. Խոսրովի հրդեհից կարճ ժամանակ անց նկատվում է բույսերի վերաճ
- «Խոսրովի անտառ»-ը վերականգնվում է աղետալի հրդեհից հետո
- Խոսրովի աղետալի հրդեհից հետո ԱՄՆ դեսպանությունը ՀՀ կառավարության և ժողովրդի կողքին է. Միլզ
- Ամերիկյան կողմը պատրաստակամ է օգնել վերացնելու Խոսրովի անտառի հրդեհի հետևանքերը
- Նախօրեին Խոսրովի անտառում մարվել է 75 ծխացող օջախ
- Խոսրովի արգելոցի տարածքը կապահովվի բջջային կապով և Wi-Fi-ով
- Խոսրովի անտառի հրդեհից հետո տեխնիկայի խնդիրը ներկայացվել է նախագահին և վարչապետին. Տոնոյան