«Սթարկի» ընկերությունը 1800 անձանց կապահովի լսողական սարքերով
«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը Լոս Անջելեսի Կավուկչյան ընտանիքի ջանքերով լսողական սարքերի արդյունաբերող ամերիկյան հանրահայտ «Սթարկի» (Starkey) ընկերության հետ համատեղ 2015թ. Հայաստանում սկիզբ դրեց բարեգործական մի առաքելության՝ ապահովելու կարիքավոր անձանց հատուկ լսողական սարքերով:
Ծրագրի առաջին փուլն ավարտվել է 2017 թ. հուլիսին, իսկ այսօր Երևանում մեկնարկեց երկրորդ փուլը, որտեղ մոտ 1800 շահառուների տրամադրվեցին լսողական սարքեր: Սարքերը տեղադրվեցին տեղում՝ ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից ժամանած մասնագետների և «Սթարկի» լսողական տեխնոլոգիաների հիմնադիր-նախագահ Բիլ Ասթնի կողմից:
«Մենք առաջին անգամ ենք Հայաստանում և միայնակ այս ծրագիրը չէինք կարող իրականացնել: Ուստի շնորհակալ ենք հիմնադրամին, որ մեզ օգնեցին հասականալ կարիքները և միասին այս ծրագիրը կյանքի կոչել: Մենք պետք է օգնենք մարդկանց, խնամենք, քանի որ նրանք դրա կարիքը շատ ունեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բիլ Ասթնին:
Հայկուհի Կավուկչյանը էլ նշեց՝ արդեն 10 տարի աշխատում են, որպեսզի «Սթարկի» հիմնադրամին բերեն Հայաստան: «Եթե այս մարդիկ լսեն, նրանք չեն մեկուսանա և նորից կվերադառնան ընտանիք»,- ասաց նա:
Սթարկի ընկերությունն ու Սթարկի լսողության հիմնադրամն այս առաքելությունն իրականացրել են աշխարհի 106 երկրներում, որոնցից 52-ում այն կրում է շարունակական բնույթ: Հայաստանը 107-րդն է, որի հաջողության դեպքում այն նույնպես լինելու է շարունակական և կայուն ծրագիր:
Ծրագրի հիմնական թիրախ են հանդիսանում սոցիալապես անապահով և խոցելի խմբերը:
Ծրագիրը բաղկացած է երեք փուլից. 1-ին փուլում հայտնաբերվել են կարիքավոր անձինք, հետազոտվել է նրանց լսողությունը, կատարվել է սարքերի կաղապարների չափում և այլն, այժմ թիմը կյանքի է կոչում երկրորդ կարևոր հատվածը. հոկտեմբերի 15-17-ը Երևանի Մարզահամերգային համալիրում ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից ժամանած մասնագետները տեղադրում են լսողական սարքերը: 3-րդը՝ հետխնամքի փուլն է, որի նպատակն է ապահովել տեղադրված սարքերի օգտագործման հետ կապված հետագա խորհրդատվություն և տեխնիկական սպասարկում:
Ծրագրում ընդգրկվել են Երևանի, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի կարիքավորները, հաջողության դեպքում ակնկալում են, որ այն հետագայում կընդգրկի նաև մնացած մարզերն ու Արցախը: Ի դեպ, կազմակերպվել է բոլոր շահառուների տեղափոխումը մարզերից Երևան ավտոբուսներով՝ ապահովելով նրանց ուղեկցող անձնակազմով և սնունդով:
«Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը, ստեղծվել է 1995թ. և տարիներ շարունակ գործունեություն է ծավալում մտավոր, ֆիզիկական, լսողական, հաղորդակցման և այլ խնդիրներ ունեցող անձանց վերականգնողական ծառայությունների և հասարակության մեջ ինտեգրման ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Նշենք, որ ծրագիրն իրականացվել է նաև «Արաբկիր» հիվանդանոցի աուդիոլոգների թիմի աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում