«Էդգար Ստեփանյանն ունակ է Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու». Արման Սահակյան
Հայաստանի առաջատար հեծանվորդ, Եվրոպայի՝ երիտասարդների 2015 թվականի չեմպիոն Էդգար Ստեփանյանը հոկտեմբերի 17-23-ին Բեռլինում մասնակցելու է Եվրոպայի՝ մեծահասակների առաջնությանը, իսկ նոյեմբերի 3-5-ին Վարշավայում՝ աշխարհի գավաթի խաղարկությանը:
Էդգարն առաջին անգամ է մասնակցելու մեծահասակների` նման կարգի մրցաշարերի և վաստակած միավորները կարող են հնարավորություն տալ մեր հեծանվորդին՝ մասնակցելու աշխարհի 2018թ. առաջնությանը, որտեղ խաղարկվելու են 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգրեր:
Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայից հայտնում են, որ ֆեդերացիայի ջանքերով Էդգար Ստեփանյանը պատշաճ ուսումնամարզական հավաք է անցկացրել, ապահովվել անհրաժեշտ գույքով:
«Էդգար Ստեփանյանն ունակ է Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու: Նախապատրաստական փուլում, վերջին շրջանում կայացած մրցաշարերում գրանցված արդյունքները ցույց են տալիս, որ Էդգարը լավ մարզավիճակում է և կարող է նոր հաղթանակներ գրանցել»,- վստահություն է հայտնել ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանը:
Էդգար Ստեփանյանին առաջիկա մրցաշարերին նախապատրաստել է անձնական մարզիչ Արմեն Գյոզալյանը, որն էլ կուղեկցի նրան Եվրոպայում: