Անասնաբուծության զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը կերի արտադրությունն է. փոխնախարար
«Հայաստանում սպառվող պարենի շուրջ 40 տոկոսն արտադրվում է տեղում։ Պարենային ապահովությունը չի ենթադրում միայն ինքնաբավության մակարդակի ապահովում, այն նշանակում է ընդհանրապես երկրում, բնակչության համար ապահովել պարենի առկայությունը։ Այն որ երրորդ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրեր ենք կնքում, դա էլ ըստ էության նպաստում է, որպեսզի կարողանանք վաճառել այն ապրանքները, որտեղ ունենք մրցակցային առավելություն և ներմուծել այն ապրանքները, որոնք մեր ռեսուրսներով ստանալը այդքան արդյունավետ չէ»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը։
Փոխնախարարի խոսքով՝ միրգ-բանջարեղենի, կաթնամթերքի, ոչխարի և տավարի մսի մասով պարենային ապահովության մակարդակը բավարարում է երկրում տեղի արտադրանքով, իսկ խոզի ու թռչնամիսը ներկրվում է։
«Բայց պետական քաղաքականությունը գնում է այն ուղղությամբ, որ մենք կարողանանք անասնապահությունը զարգացնել և հետագա մեր ծրագրերը նպատակաուղղված լինեն կերի արտադրության խթանմանն ու տոհմային անասնաբուծության զարգացմանը, որպեսզի կարողանանք և կաթի, և մսի մասով ավելացնել տեղական արտադրությունը։ Տոհմային անասնապահության զարգացման պայմաններում մենք մեր միջազգային գործնկերների հետ քննարկում ենք ծրագիր, որոնց շրջանակներում հանրապետության մի քանի մարզերում տոհմային կայաններ կստեղծենք, ավելի լավ ցեղատեսակով անասուններ բուծվելու և գյուղացիական տնտեսությունների միջև բաշխելու նպատակով»,- մանրամասնեց փոխնախարարը։
Նա շեշտեց, որ անասնաբուծության զարգացման համար այսօր հիմնական խոչընդոտներից մեկը կերի արտադրությունն է, ինչպես նաև տոհմային գործոնի բարելավումը։
«Ակնկալել, որ մոտակա մեկ տարում էական զարգացում կլինի պարենային ապահովության մակարդակով պետք չէ, բայց մենք ունենք շուրջ 5-10 տոկոսով ավելացնելու խնդիր դրված մեր ապագա երկու-երեք տարիների համար»,- հավելեց Արմեն Հարությունյանը։
Արդեն 38 տարի շարունակ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության անդամ երկրների կողմից ամբողջ աշխարհում հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Պարենի hամաշխարհային oր` հանրության ուշադրությունը սևեռելով սննդի ոլորտում առկա արդի հիմնխնդիրներին:
ՄԱԿ-ի որոշմամբ 2017 թվականին Պարենի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներն անցկացվում են «Փոխենք միգրացիայի ապագան. ներդրումներ կատարենք պարենային անվտանգության և գյուղական համայնքների զարգացման գործում» խորագրի ներքո, ինչն այսօր առավել արդիական է Հայաստանի Հանրապետության համար առկա միգրացիոն հիմնախնդիրների, գյուղական համայնքների կայուն զարգացման անհրաժեշտության, գյուղատնտեսության՝ որպես շահութաբեր գործունեության խթանման և աջակցման, սննդի անվտանգության և էկո մթերքի ապահովման խնդիրների համատեքստում: