ԱՄՆ դեսպանությունը ՀՀ ԱՆ հետ բացում է հիվանդությունների կանխարգելման մարզային լաբորատորիաներ
Միացյալ Նահանգների դեսպանությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ միասին բացում է հիվանդությունների կանխարգելմանն ուղղված մարզային լաբորատորիաներ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ մամուլի ծառայությունից։
«Այսօր Մարտունու, Կապանի և Վանաձորի բնակիչներն առավել ապահով են ի շնորհիվ վարակների վերահսկման, մշտադիտարկման և դրանց դեմ պայքարի համար կառուցված լաբորատորիաների: Երևանում ԱՄՆ դեսպանության կողմից կառուցված և նոր տեխնոլոգիաներով հագեցված ու սեյսմաանվտանգության ժամանակակից չափանիշներին համապատասխանող լաբորատորիաները հանդիսանում են Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնաճյուղերը», - հայտնում են դեսպանատնից։
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ միասին բացել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում Առողջապահության նախարարության մարզային լաբորատորիան: Գեղարքունիքի լաբորատորիան, որն այս տարի ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) կողմից կառուցված երեք լաբորատորիաներից մեկն է, կայուն լաբորատորիա է, որը բարձրացնում է կենսաապահովության և կենսաանվտանգության Հայաստանի կարողությունները՝ պաշտպանելով մարդկանց և կենդանիներին հիվանդություններից:
«Այս նոր կառույցը թույլ կտա հայ գիտնականներին անվտանգ և արդյունավետորեն կատարել իրենց աշխատանքը, արձագանքել ցանկացած տեսակի հնարավոր վարակիչ հիվանդությունների բռնկումներին, որոնք կարող են սպառնալ Հայաստանի քաղաքացիներին, գյուղատնտեսական կենդանիներին, տնտեսությանը կամ ազգային անվտանգությանը»,- ասել է դեսպան Միլսը բացման արարողության ժամանակ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ այս ժամանակակից լաբորատորիաները սեյսմակայուն են և փոխարինում են խորհրդային միության ժամանակների հնամաշ կառույցներին, որոնք չունեն ժամանակակից սեյսմիկ պաշտպանվածություն: Ծրագրի շրջանակներում նախարարության աշխատակիցների համար գնվել են նաև ժամանակակից սարքավորումներ՝ հիվանդություններն ախտորոշելու և հետազոտելու համար: ԱՄՆ կառավարությունը ներդրել է 9 մլն. ԱՄՆ դոլար լաբորատորիաների կառուցման, սարքավորումներով վերազինման և Առողջապահության, Գյուղատնտեսության ու Արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատակիցների վերապատրաստման համար, որպեսզի ապահովի նոր լաբորատորիաների համապատասխանությունը կենսաապահովության միջազգային պահանջներին: