Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է ժամանակ շահել. Թևան Պողոսյան
Սարգսյան-Ալիև հանդիպման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարությունը բավական ընդհանրական և հակիրճ է՝ ավելի շատ նման ՄԽ ապագա աշխատանքների ներկայացմանը։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փորձագետ Թևան Պողոսյանը։
«Նույնիսկ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո տարածած հայտարարություններից ակնհայտ էր դառնում՝ կողմերը կոնկրետ ինչի շուրջ են պայմանավորվել։ Մինչդեռ այսօրվա հայտարարության մեջ ուղղակի մեկ նախադասությամբ ասվում է, որ կողմերը համաձայնության են եկել միջոցներ ձեռնարկել շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Բայց որևէ մեկը չի ասում՝ ի՞նչ գործողությունների են դիմելու այդ նպատակին հասնելու համար։ Նման հայտարարություներ մենք շատ-շատ ենք լսել»,- նշեց մեր զրուցակիցը։
Թևան Պողոսյանի կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածած հայտարարության մեջ կարծես տեղ է թողած, որպեսզի հակամարտ կողմերից յուրաքանչյուրն իր համար դրական որևէ բան ներկայացնի։ Մինչդեռ, եթե հայտարարության մեջ խոսք լիներ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման մասին, հնարավոր կլիներ դատել հետագա քայլերի վերաբերյալ։
«Ամեն դեպքում, դրական է, որ երկար դադարից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեցին։ Բայց քանի դեռ այդ երկիրը շարունակում է զենք գնել, ակնհայտ է, որ փորձում է ժամանակ շահել։ Հայկական կողմն իր հերթին պետք է շարունակի զարկ տալ գիտությանը և տնտեսությանը, ամրապնդի սահմանները և հույսը դնի միայն իր վրա»,- ամփոփեց փորձագետը։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարությամբ է հանդես եկել: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում:
Նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն առաջ մղելու և հավելյալ քայլեր կատարել՝ շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- Սարգսյան-Ալիև հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում. հայտարարություն
- ՀՀ Նախագահի խոսնակ. Բանակցություններն ավարտվեցին
- Այս պահին ընթանում է Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը
- Նախատեսվում է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը
- Մեկնարկել են Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև բանակցությունները
- ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը նոր տեղեկություններ է հաղորդում
- ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան