«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի նորաբաց ուրոլոգիական կլինիկան՝ նոր ժամանակակից սարքավորումներով
ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նորաբաց ուրոլոգիական կենտրոնը համալրվել է ժամանակակից սարքավորումներով: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանը նշեց, որ այս սարքավորումները մի շարք առավելություններ ունեն:
«Միզաքարային հիվանդությունը բազմապատճառային հիվանդություն է, որի հիմքում ընկած են նյութափոխանակության խանգարումները: Գոյություն ունեն տարածաշրջաններ, որտեղ հիվանդության հանդիպման հաճախականությունը բարձր է և կրում է էնդեմիկ բնույթ: Հայաստանի Հանրապետությունը այս հիվանդության համար համարվում է էնդեմիկ գոտի»,- ասաց բշկական գիտությունների դոկտորը՝ հավելելով, որ էնդոսկոպիկ ուրոլոգիական վիրահատությունները համալսարանական հիվանդանոցում կատարվելու են մատչելի գնով և Երևանի ու մարզերի բնակչությունն այսուհետ կարող է օգտվել այս հնարավորությունից:
Նրա խոսքով, օրեր առաջ հիվանդանոցը համալրվել է «Siemens» ընկերության վերջին սերնդի գերժամանակակից հարվածաալիքային հեռահար քարափշրման սարքով. «Սարքի միջոցով հաջողությամբ իրականացվում է երիկամի և միզածորանի քարերի հեռահար քարափշրում: Հեռահար քարափշրումը քարերից ազատվելու առկա բոլոր մեթոդներից համարվում է ոչ ինվազիվ մեթոդ: Սարքի առավելություններից է համարվում այն հանգամանքը, որ նվազագույնի է հասցված հիվանդի և անձնակազմի ճառագայթվելու աստիճանը, միջամտությունը կատարվում է հիմնականում առանց անզգայացման, ինչը նաև նվազեցնում է հիվանդների բժշկական հաստատությունում գտնվելու ժամանակահատվածը»:
Արեն Բաբլումյանը հայտնեց, որ վերջերս թիվ 1 հիվանդանոցային համալիրը զինվել է նաև ժամանակակից լազերային համակարգով, որը օգտագործվում է շագանակագեղձի բարորոկ հիպերպլազիայի բուժման համար: Այս սարքի անվտանգությունը և բարձր արդյունավետությունն ապացուցված են համաշխարհային պրակտիկ և գիտական աշխատանքներով:
«Revolix համակարգը, որը աշխատում է տուլիումական լազերի շարունակական ալիքի միջոցով, թույլ է տալիս վիրահատող բժշկին անարյուն և հստակ կտրվածքներ կատարել հյուսվածքում: Հիվանդի հոսպիտալացումը հետվիրահատական շրջանում ավելի կարճ է, իսկ ուրեթրալ կաթետերը հնարավոր է հեռացնել վիրահատության հաջորդ օրը: Լազերային տեխնոլոգիան հնարավորություն է տալիս սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ունեցողներին վիրահատել առանց արյան մակարդելիության վրա ազդող պրեպարատների ընդատման: Վերջինիս առավելություններից է նաև, որ սրտի արհեստական ռիթմավար կրող հիվադներին կարելի է անվտանգ վիրահատել, խուսափելով ռիթմվարի աշխատանքի խափանումից»,- նշեց մասնագետը:
Արեն Բաբլումյանի խոսքով՝ չնայած շագանակագեղձի բիպոլար ներմիզուկային մասնահատումը համարվում է շագանակագեղձի վիրահատական բուժման ոսկե ստանդարտ, սակայն բոլոր հետազոտություններով փոքր և միջին ծավալով շագանակագեղձերի դեպքում տուլիումական լազերը համարվում է առավել անվտանգ և հավասար էֆեկտիվ վիրահատական մեթոդ, բարձրացնելով հիվանդների կյանքի որակ և վերացնելով միզարձակության գանգատները:
Մասնագետը կարևորեց նաև այն, որ բաժանմունքը հագեցած է էնդոսկոպիկ վիրահատությունների համար նախատեսված երկբևեռ ներմիզուկային մասնահատման վերջին սերնդի սարքավորումով: Սարքերի օգնությամբ իրականացվում են շագանակագեղձի բարորակ նորագոյացության և միզապարկի նորագոյացությունների ներմիզուկային մասնահատում: Այս մեթոդը ներկայումս համարվում է նշված հիվանդությունների բուժման «ոսկե չափանիշ»:
Արեն Բաբլումյանը նաև տեղեկացրեց, որ առաջին անգամ հանրապետությունում քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտում ծրագրվում է իրականացնել վիրահատություններ՝ օգտագործելով լազերային տեխնոլոգիաները, բնակչությանը տրամադրելով գերժամանակակից, անվտանգ և արդյունավետ բուժօգնություն: Վիրահատությունները կիրականցվեն առաջին հիվանդանոցում:
ԵՊԲՀ կլինիկական գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանն էլ ընդգծում է՝ այս քայլն առաջին հերթին միտված է առավել որակյալ բուժօգնություն իրականացնելուն՝ չխախտելով նաև մատչելիության և անվտանգության սկզբունքը: