Սամվել Բաբայանն առողջական խնդիր ունի
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սամվել Բաբայանի և մյուսների գործով» դատական նիստը: Նախորդ նիստին հայտարարվել էր, որ այսօր պետք է հարցաքննվեն ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Սամվել Բաբայանը: Սակայն այսօր նրանք երեքն էլ ներկա չէին նիստին:
Դատավոր Արշակ Վարդանյանը հայտարարեց, որ դատարանը քրեակատարողական վարչությունից ստացել է Սամվել Բաբայանի դիմումը, որով նա հայտնել է, որ չի կարող մասնակցել այսօրվա դատական նիստին:
«Պարոն Վարդանյան, մրսածության հետևանքով ձայնս ամբողջովին խզվել է, կորել է, ինձ մոտ ձայնալարերի խնդիր պարբերաբար առաջանում է: Ներկայումս էլ գտնվում են այդպիս վիճակում: Ձեր կողմից նշանակված հոկտեմբերի 16-ի նիստին ես չեմ կարող ներկայանալ նշված պատճառով և ելույթ ունենալ: Գտնում եմ, որ այդ դատական նիստին իմ ելույթ ունենալը բխում է իմ պաշտպանական շահերից, զգալի նշանակություն ունի: Այդ իսկ պատճառով խնդրում եմ նշանակված դատական նիստը մեկ շաբաթով հետաձգել, որպեսզի հնարավորություն ունենամ առողջանալ, վերականգնել խոսելու ունակությունս, մասնակցել դատական նիստերին»,- Ս. Բաբայանի դիմումն ընթերցեց դատավոր Վարդանյանը:
Նա հայտնեց, որ դատարանը քննարկել է այս միջնորդությունը և որոշել բավարարել այն: Ա. Վարդանյանը նաև տեղեկացրեց, որ մյուս երկու ամբաստանյալը՝ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, դատարան չեն տեղափոխվել դատարանի գիտությամբ՝ հաշվի առնելով գործի քննություննը հետաձգելու անխուսափելիությունը:
Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 23-ին:
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Սանասար Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:
Արմեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:
Այս գործով անցնում է ևս 4 ամբաստանյալ:
Հարակից հրապարակումներ`
- Դատական հաջորդ նիստին հարցաքննվելու է Սամվել Բաբայանը
- Սա զենք, զինամթերք չի կարող կոչվել. Սամվել Բաբայան
- «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում. Սամվել Բաբայան
- «Բա մեզ ե՞րբ է ձեռք տալիս, դա չեք ուզում իմանա՞լ». Սամվել Բաբայանը՝ դատավորին
- Մեկնարկել է «Սամվել Բաբայանի և մյուսների գործով» դատական առաջին նիստը
- Հույս ունենք՝ դատարանը բոլոր փաստերն օբյեկտիվորեն կգնահատի. Սամվել Բաբայանի պաշտպան
- ԱԱԾ-ն ավարտեց Սամվել Բաբայանի գործով նախաքննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում