«Վինար»-ի փոխտնօրենը ներգրավվել է որպես մեղադրյալ
«Վինար» ՍՊ ընկերության փոխտնօրեն Ավետիս Դավիթի Գալստյանը ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով ներգրավվել է որպես մեղադրյալ: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից:
Քրեական օրենսգրքի 193 հոդվածը սահմանում է. «Կանխամտածված սնանկությունը՝ պարտապանի հիմնադիրների (մասնակիցների) կամ նրան՝ կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող այլ անձանց, այդ թվում՝ պարտապանի ղեկավարի, հավասարապես՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ կողմից անվճարունակության հատկանիշների կանխամտածված ստեղծումը կամ դրանց չափի ավելացումը սեփական կամ այլ անձանց շահերից ելնելով, և եթե պարտապանին կամ պարտատերերին պատճառվել է խոշոր վնաս՝
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած պարտավորությունները չկատարելու համար դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ «Վինար» ընկերությանը պատասխանատվության ենթարկելու: Փետրվարի 20-ին ընկերության փոխտնօրենը ներգրավվել է որպես մեղադրյալ:
«16.12.16թ. ՀՀ գյուղատնտեսության նախարարի հաղորդման հիման վրա ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ԻՀ և ՎՎԻ վարչությունում 28.12.16թ ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»,-հայտնեցին դատախազությունից: Նախաքննության ընթացքում «Վինար» ՍՊԸ փոխտնօրեն Ա. Գալստյանի կողմից կատարվել են վճարումներ ուղղված գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած պարտավորությունների մարմանը:
«Նախաքննությունը շարունակվում է: Արդյունքների մասին լրացուցիչ կհայտնվի»,-հայտնեցին դատախազությունից:
Հիշեցնենք, օրեր առաջ լրագրողների հետ հանդիպմանը գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հայտարարեց, որ «Վինար»-ը գյուղացիներին դեռ 30 մլն դրամ պարտք է:
Հարակից հրապարակումներ`
- «Վինար»-ը գյուղացիներին դեռ 30 մլն դրամ պարտք է
- Խնդրահարույց է շարունակում մնալ «Վինար» ընկերության հարցը. գյուղնախարար
- Նախարար. Պարզվել է «Վինար»-ի սպիրտը խաղողի չէ
- Տխուր ընկերություններ կան, բայց տխրահռչակ է «Վինարը». Ռոբերտ Մակարյան
- Գյուղնախարարությունը դիմել է Գլխավոր դատախազություն՝ «Վինար» ընկերությանը պատասխանատվության ենթարկելու