«Պետություն-բիզնես-գյուղ համագործակցության շնորհիվ պարենային անվտանգության կապահովվի». քննարկում
Պարենային ապահովությունն ու գյուղական միգրացիայի հարցը նախարարության առաջնահերթություններից են։ Ծրագրերն առաջին հերթին ուղղված են փոքր գյուղացիական տնտեսություններին օժանդակելուն, արդյունավետությունը բարձրացնելուն,- Պարենի համաշխարհային օրվա կապակցությամբ պետություն-բիզնես-գյուղ համագործակցության թեմայով կազմակերպված ասուլիս-քննարկման ժամանակ այսօր ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը։
Սրան զուգահեռ, ըստ փոխնախարարի, քաղաքականություն է իրականացվում, որպեսզի միջին և խոշոր ձեռնարկատիրությունը գյուղատնտեսության ոլորտում նույնպես զարգանա. «Այդ պատճառով նախարարությունը նաև ակտիվ մասնակցում է ներդրումային հարթակներին, որոնցով մենք փորձում ենք ներդրումներ ներգրավվել գյուղատնտեսության ոլորտ։ Գյուղատնտեսության զարգացման շրջանում մենք ունենք բազմաթիվ խնդիրներ և չնայած, որ գյուղատնտեսությունն այսօր ապահովում է երկրի ՀՆԱ-ի շուրջ 17 տոկոսը, դեռևս մենք ունենք արդյունավետության խնդիր։ Մենք փորձում ենք պետական օժանդակության միջոցներն ուղղել ավելի կապիտալ միջոցների սուբսիդավորմանը և ներդրմանը գյուղոլորտում, ինչպես նաև ստեղծել խնդիրների լուծման այնպիսի ֆունդամենտալ մեխանիզմներ, ինչպիսին է գյուղատնտեսական ապահովագրությունը»։
Ասուլիսին ներկա «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը նշեց, որ իրենք գյուղի հետ բիզնես-սոցիալական ուղղությամբ ծրագրեր են իրականացնում. «Համագործակցում ենք գյուղացիների հետ, ընդունում ենք բանջարեղեն, մսամթերք, կաթնամթերք։ Նման ծրագրերը վառ օրինակ են գյուղում միգրացիայի կանգնեցման»։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շուկայահանման բաղադրիչի համակարգող Սևակ Հովհաննիսյանն էլ հայտնեց, որ իրենց ծրագիրը նպատակ ունի գյուղական համայնքներում նպաստել բիզնեսի զարգացմանը և համալիր մոտեցում ցույց տալ՝ համայնքի կարողությունների գնահատում, բիզնես հմտությունների զարգացում, ֆինանսավորման նախնական կապիտալի տրամադրում, տեխնոլոգիական թրեյնինգներ։
«Այնուհետև սրան հաջորդում է մեր հիմնական աջակցության փուլը, երբ որ ունենք արդեն ապրանք, որը տեխնոլոգիապես բավարարում է շուկայի պահանջներին, մենք փորձում ենք օգնել այդ արտադրողներին դուրս գալ շուկա, գտնել շուկայի այնպիսի նիշաներ, որտեղ նրանք մրցունակ կլինեն, ինչպես նաև օգնում են բրենդինգի ստեղծման հարցում»,- մանրամասնեց նա։
Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի համակարգող Սերգեյ Մաթևոսյանը ներկայացրեց իրենց կողմից իրականացվող ծրագիրը՝ նշելով, որ այն ֆինանսավորվել է ԵՄ և Ավստրիական զարգացման բանկի կողմից։
«Ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին։ Աշխատում ենք չորս հիմնական արժեշղթաներում՝ դաշտային մշակաբույսեր՝ ոսպ, ոլոռ, հնդկացորեն, կտավատ, ոչ ավանդական բանջարեղեն՝ բրոկոլի, պրասասոխ, ֆրուկոլա, բարձրարժեք պանիրների ու չրերի արտադրություն։ Շատ կաևոր է ճիշտ ընտրել այն ապրանքատեսակները, որոնք կարող են գյուղացուն օգուտ բերել, ինչպես նաև տեղական արտադրանքով խթանել այս ապրանքատեսակների գնի նվազմանը»,- հավելեց նա։