Լավագույն սցենարի պարագայում Հայաստանում բնակչությունը 2035 թ-ին կարող է կազմել 3,2 մլն մարդ. Գարիկ Հայրապետյան
«Եթե այսօր ամեն ինչ թողնենք այնպես, ինչպես կա, ապա Հայաստանում, ըստ ՄԱԿ-ի հաշվարկների, 2035 թվականին բնակչությունը կլինի 2,5-2,6 մլն-ի շրջանակներում»,- այս մասին այսօր ներկայացնելով «Աշխարհի բնակչությունը 2017» զեկույցն ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է 2040 թվականի Հայաստանի բնակչության թիվը հասցնել 4 մլն-ի:
Մինչդեռ, ըստ նրա, եթե որոշակի քայլեր ձեռնարկվեն՝ ծնելիության բարձրացում,
ներգաղթի խթանում, ապա լավագույն սցենարի պարագայում Հայաստանում բնակչությունը 2035 թ-ին կարող է կազմել 3,2 մլն մարդ:
«Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, բայց իհարկե դրան հասնելը շատ բարդ է: Այդ ցուցանիշին հասնելու համար պետք է հենց երեկվանից սկսեինք լուրջ ներդրումներ անել: Օրինակ՝ Եվրոպայում դա հաջողվեց անել սկանդինավյան պետություններին ու Ֆրանսիային: Սկանդինավյան երկրներում ոչ թե ուղղակի փողի միջոցով խրախուսեցին ծնելիությունը, այլ այնպես արեցին, որ կինը չվախենա հաջորդ երեխան ունենալուց, այսինքն՝ չի կորցնի աշխատանքը, կարիերան չի տուժի և այլն: Սկանդինավյան երկրներում հայրերը նույնպես կարող են երեխայի խնամքի համար արձակուրդ վերցնել», - նշեց Գարիկ Հայրապետյանը՝ հավելելով, որ Հայաստանում նույնպես նման օրենք կա, բայց, ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, մինչ օրս այդ իրավունքից ընդամենը երկու մարդ է օգտվել:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցչի խոսքերով՝ պետք է մեր երկրում էլ այնպես անել, որ Հայաստանում հաջորդ երեխա ունենալու որոշումը ընտանիքի համար չլինի ռիսկային, որպեսզի աշխատանքային և ծնողական պարտավորությունները համատեղվեն: Այստեղ, ըստ Գարիկ Հայրապետյանի, կարևոր է նաև մանկապարտեզների, ցերեկային խնամքի կենտրոնների և դայակի ինստիտուտի դերը:
Հարակից հրապարակումներ`
- Արտեմ Ասատրյանը հնարավոր է համարում 13 տարի անց 4 մլն բնակչություն ունենալը
- Դա կստացվի, եթե նույնիսկ ես չլինեմ վարչապետ. Կարեն Կարապետյան՝ բնակչությունը 4 մլն հասցնելու մասին