Նոր ատոմակայան կունենանք, եթե գնային առումով այն լինի արդյունավետ․ Դավիթ Հարությունյան
Էներգետիկայի ոլորտում Հայաստանն ունի երկու հնարավոր զարգացման սցենար՝ փորձել ընդհանրապես էներգակիրների գինը նվազեցնել երկրում, երկրորդ՝ նվազեցնել հոսանքի գինը: Այսօր մասին այսoր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքերով՝ կառավարությունն անընդհատ կատարում է վերանայում և կախված այն բանից, թե որ ճանապարհն է արդյունավետ, ապա, ըստ այդմ՝ կայացվում է համապատասխան որոշում:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ շատ գործոններ են հաշվի առնվում և անգամ ատոմակայանների պարագայում երկու իրարից տարբերվող մոտեցումներ կան:
«Մենք էներգետիկ բնագավառի զարգացումը պլանավորում ենք՝ ելնելով մեր երկրի հիմնական ռազմավարական նպատակներից: Սրանք քաղաքական որևէ ազդեցության ենթակա չեն, այլ պայմանավորված են էներգակիրների շուկայում առկա իրավիճակով, ժամանակակից տեխնոլոգիաներով, գներով, սպառմամբ: Մենք նոր ատոմակայան կունենանք, եթե գնային առումով այն լինի արդյունավետ »,- ասաց արդարադատության նախարարը:
Դավիթ Հարությունյանի խոսքերով՝ ՀՀ կառավարության երկարաժամկետ ռազմավարությունում հստակ նշված է, որ այն պարբերաբար ենթակա է վերանայման: «Մենք օգտագործում ենք բարդ մաթեմատիկական մոդել և կանխատեսումների հիման վրա գնահատում ենք, թե որ ճանապարհն է ավելի արդյունավետ Հայաստանի սպառողների համար: Այսինքն՝ անընդհատ վերանայելու ենք` կախված տեխնոլոգիական զարգացումներից: Հիմա նոր տեխնոլոգիա է ի հայտ եկել, որը հնարավորություն է ընձեռել ատոմակայանը աշխատեցնել 50 մեգավատանոց բլոկներով: Այսինքն` մենք դրա արդյունքում կարող ենք գնալ լրիվ այլ ճանապարհով և ստեղծենք շատ ավելի փոքր հզորությամբ ատոմակայան: Հնարավոր է, որ ինչ-որ նոր տեխնոլոգիա առաջանա, հնարավոր է, որ վերանայենք մեր մոտեցումները»,- ընդգծեց Դավիթ Հարությունյանը՝ ավելացնելով, որ հաշվի են առնում բազմաթիվ գործոններ:
Նախարարի խոսքերով՝ ատոմակայանը տալիս է ամենաէժան էլեկտրաէներգիան, եթե կա արդեն կառուցված ատոմակայան, սակայն երբ հաշվարկում են նոր ատոմակայանի համար պահանջվող ներդրումները, այլ պատկեր է ստացվում. «Այն ամենևին այնքան էժան չի լինելու, որքան այսօրվա ատոմակայանի արտադրանքը»: