Հայաստան է բերվել ամբողջովին նոր և ժամանակակից էլեկտրագնացք
Ռուսաստանից Հայաստան բերված նոր, ժամանակակից ու բարձրակարգ էլեկտրագնացքի տեխնիկական հնարավորություններին ծանոթանալու համար ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը այսօր այցելել է Երևանի լոկոմոտիվային դեպո:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ էլեկտրագնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժական խնդիրներ ունեցող ուղևորների համար։ Այն կահավորված է վերելակներով: Սայլակներով տեղաշարժվող ուղևորները դրանց օգնությամբ կարող են բարձրանալ և իջնել վագոններից։
Երկու վագոնից կազմված էլեկտրագնացքը ունի 129 նստատեղ, կահավորված է հարմարավետ աթոռներով։ Ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային համակարգեր, վթարային ելքի պատուհաններ, տեղեկատվություն ներկայացնող էկրաններ։
Էլեկտրագնացքն առայժմ գտնվում է թեստային փորձարկման փուլում։ Որոշակի ժամանակահատվածում կստուգվի գնացքի տեխնիկական վիճակը, կփորձարկվի, թե ինչքանով է այն հարմար Հայաստանի ռելիեֆային պայմաններին, երկաթուղային ճանապարհներին, ինչպես նաև ենթակառուցվածքների տեխնիկական հնարավորություններին։
Վերապատրաստում կանցնեն նաև մեքենավարները: Փորձարկումից հետո կորոշվի, թե որքան նստատեղով և վագոններով էլեկտրագնացք է անհարժեշտ ՀՀ համար: Նախատեսվում է 2018թ. սկզբին շահագործման հանձնել նմանատիպ էլեկտրական շարժակազմ:
Էլեկտրագնացքը Հայաստան է բերվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲ ընկերության ղեկավարության միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան