Մալթայում մեքենայի պայթյունից մահացել է Պանամական թղթերի հետ Ադրբեջանի կապը բացահայտած լրագրողը
Հայտնի լրագրողը, ով մեծ դերակատարում էր ունեցել Պանամական թղթերի բացահայտման գործում, սպանվել է Մալթայում: Լրագրող և բլոգեր Դաֆնե Կարուանա Գալիզիան, ում աշխատանքը հիմնականում կենտրոնացած էր կոռուպցիայի բացահայտման վրա, սպանվել է երկուշաբթի երեկոյան, երբ տեղադրված ռումբից նրա Peugeot 108 մեքենան պայթել է, հայտնում է Independent-ը:
Ինչպես հայտնում է Euronews-ը, 2 շաբաթ առաջ նա ոստիկանությանը հայտնել է իրեն ուղղված սպառնալիքների մասին:
53-ամյա լրագրողը հայտնի էր Մալթայի իշխանությունների խիստ քննադատությամբ ու համարձակ հակակոռուպցիոն հետաքննությամբ: Նրա բլոգն իր հեղինակությամբ առաջ էր անցել բոլոր տեղական թերթերին:
Գալիզիան կոռուպցիայի մեջ էր մեղադրում Մալթայի վարչապետ Ժոզեֆ Մուսկատին ու հետաքննությամբ փորձում էր ապացուցել վարչապետի կնոջ կապը օֆշորայինյ ընկերության հետ, որը գումարներ էր ստացել Ադրբեջանից: Այս հրապարակումից հետո Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ արեցին Մուսկատին հրաժարական տալ:
Մալթայի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ադրիան Դելիան լրագրողի մահն անվանել է «քաղաքական սպանություն»: Վարչապետ Մուսկատն էլ, խոստովանելով, որ Գալիզիան իր ամենախիստ քննադատներից էր, դատապարտել է տեղի ունեցածն ու այն անվանել «բարբարոսական հարձակում», որն անընդունելի է:
Նշենք, որ ավելի վաղ Կոռուպցիայի և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի միջազգային կազմակերպությունը հրապարակել էր զեկույց «Ադրբեջանական լվացքատան» վերաբերյալ, որով Ադրբեջանի իշխանությունները 3մլրդ դոլար են լվացել Մեծ Բրիտանիայում օֆշորային ընկերությունների միջոցով, որոնք նաև ծախսվել էին եվրոպական քաղաքական գործիչներին կաշառելու համար: