Երեխային և կնոջն ուղղված սադիզմը պետք է կանխարգելել. Միքայել եպիսկոպոս Աջապահյան
Ամեն բռնություն, որ տեղի է ունենում ընտանիքում, դեռ ընտանեկան բռնություն չէ, առավել ևս դաստիարակչական միջամտությունը չի կարող բռնություն համարվել: Այսօր ԱԺ-ում «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։
«Աստվածաշնչում ասվում է. «Այն հայրը, ով սիրում է որդուն, խրատում է», իսկ խրատել բառը գրաբարում ունի ֆիզիկական ներգործության իմաստ, առավել ևս տղաների նկատմամբ, որովհետև այդ նույն խտրական բառն է օգտագործում Պիղատոսը: Երբ նա Քրիստոսին ուղարկում է մտրակելու, ասում է՝ «կխրատեն և բաց կթողնեն» ։ Ընտանեկան բռնությունը ես այն իմաստով եմ հասկանում, որ ինչ-որ մեկն ունի առանձնաշնորհ դիրք և չարաշահում է այն ու նվաստացնում է դիմացինին», - ասաց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։
Բանախոսը նկատեց, որ թեև հոգևորականների մեջ ևս կան օրինագծին դեմ արտահայտվողներ, սակայն իր կարծիքով օրենքը անհրաժեշտ է, պարզապես պետք է քննարկումներ իրականացվեն և լրացնեն օրինագծում եղած բացթողումները։
Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նաև ընդգծեց, որ անհրաժեշտ է հստակ տարանջատել, թե ինչ է նշանակում բռնություն։
«Ընտանեկան բռնություն է այն, երբ մտածում ես՝ «երբ գործս պիտի վերջանա տուն հասնեմ ու կնոջս մի լավ ծեծեմ»։ Սադիստական հակումներով մարդիկ լեփ-լեցուն են, և դրա մասին մենք լավ գիտենք, բայց դրանք թաքնված իրողություններ են։ Խոսքը ընտանիքում թաքնված սադիզմի մասին է։ Այդ սադիզմը պետք է կանխարգելել՝ ուղղված երեխայի և կնոջ նկատմամբ, երբեմն նաև՝ կնոջ կողմից ամուսնուն նկատմամբ», - ասաց նա:
Հոգևորականը նաև ընդգծեց` եթե ոմանք պնդում են, որ օրինագիծը ընդունելի չէ քրիստոնեական ընտանիքի համար, ապա ինչու նույն այդ մարդիկ չընդվզեցին ամուսնալուծությունների և հղիության ընդատման իրավունքի դեմ։
«Ամուսնալուծությունների հնարավորությունը շատ լավ ընդունեցին և չասացին, որ գալու է, մեր ընտանիքը խաթարի։ Բայց հիմա խոսում ենք բռնությունների մասին և մտածում ենք, որ ընտանիքի համերաշխությունը սրանով կարող է խաթարվել։ Կամ այն վիժումներն ու աբորտները, որ մեր իրականության մեջ տեղի են ունեում, սրանք ի՞նչ է քրիստոնեական ընտանիքին հատուկ վարվելակերպ են։ Քրիստոնեական ընտանիքն այն չէ, ինչ մենք ենք հասկանում, այլ այն է, ինչ սուրբ գիրքը մեզ թելադրում է, բայց հաճախ մենք ընդունում ենք այն քրիստոնեական սկզբունքները, որոնք մեզ հաճելի են», - նշեց նա։
Եպիսկոպոսյը նաև հավելեց, որ ավելի լավ է ունենալ բռնությունը կանխարգելող օրենք, քան չունենալ օրենք ընդհանրապես։
Հարակից հրապարակումներ`
- 2017թվականի 9 ամսվա ընթացքում գրանցվել է ընտանեկան բռնության 602 դեպք. Նելլի Դուրյան
- Շաքարային դիաբետով երեխային պաղպաղակ արգելելն արդյո՞ք տնտեսական բռնություն է. հարց արդարադատության փոխնախարարին
- Ընտանեկան բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծելու նպատակը ո՞րն է. Վահե Էնֆիաջյան
- Ապտակը բռնության դրսևորում չԷ. Վիգեն Քոչարյան
- Ընտանեկան բռնության մեջ ենթադրաբար մեղադրվողը կարող է բողոքարկել որոշումը. ՀՀ արդարադատության փոխնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան