Սերժ Թանկյանը ներկա էր իր հեղինակած սիմֆոնիայի փորձին
Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում հոկտեմբերի 19-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կներկայացնի ամերիկահայ ռոք երաժիշտ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան։ Ստեղծագործությունը Հայաստանում ներկայացվում է առաջին անգամ։
Հայաստանյան հանդիսատեսը կծանոթանա ծանր ռոք, ալտերնատիվ մետալ, արտ ռոք, ֆոլկ ռոք և այլ ժանրերում հանդես եկող Սերժ Թանկյանի սիմֆոնիկ գործին։ Այսօր Սերժ Թանկյանը ներկա գտնվեց իր հեղինակած սիմֆոնիայի փորձին։
«Շատ լավ, ճիշտ նվագում են, շատ ոգևորվեցի, մի քանի ճշտումների կարիք կար, որը միշտ լինում է կոմպոզիտորի կողմից»,- փորձից հետո լրագրողներին ասաց Սերժ Թանկյանը:
Ավելի վաղ նա նշել էր, որ իր համար պատիվ է, որ Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարում է իր հեղինակած սիմֆոնիան: «Orca Symphony No 1»-ն ձայնագրվել է 2012 թվականի հոկտեմբերին Ավստրիայի Լինց քաղաքում: Պաշտոնապես ալբոմի տեսքով թողարկվել է 2013թ. հունիսի 25-ին:
Երաժիշտն ասել է, որ գրել է «Օրկան» մարդասիրության մասին խոսելու նպատակով, օրկային՝ խոյադելֆինին, համեմատելով մարդկանց հետ: Ստեղծագործության չորս բաժինները ներկայացնում են խոյադելֆինի կյանքի ճանապարհը:
«Ստեղծագործության առաջին բաժինը կոչվում է Victorious Orcinus, և այն հիմնականում ներկայացնում է խոյադելֆինի կյանքը, թե ինչպես է նա կարողանում դառնալ հաղթական կենդանի, սպանել, ֆիզիկական տեսանկյունից հասնել այն ամենին, ինչ հնարավոր է այս մոլորակում:
Երկրորդ բաժնում խոյադելֆինը որոշում է խորանալ ջրի տակ՝ մեդիտացիայի և խորն ինքնավերլուծության նպատակով: Երկրորդ և երրորդ բաժինների միջև խոյադելֆինը գիտակցում է, որ ինքը նման է դելֆինի: Մենք նրան անվանում ենք խոյադելֆին, բայց այն պատկանում է կաթնասունների տեսակին, դելֆին է: Այս տեսանկյունից խոյադելֆինն ու դելֆինը մարդկության լավ ու վատ տարատեսակներն են: Ես փորձում եմ ասել, որ մենք և՛ լավն ենք, և՛ վատը: Մենք մեր ներսում ունենք բազում գույներ ու խավար: Եվ յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ գնալ դեպի լույսը և հավատալ կյանքին:
«Օրկա» սիմֆոնիայի վերջին մասը կոչվում է Lamentation of the Beached: Այստեղ խոյադելֆինը կամ կարող ենք ասել՝ մարդկությունը, գիտակցում է, որ մեր կյանքն այս մոլորակում սահմանափակ է և ոչ տարիքի ու ֆիզիկական գոյության տեսանկյունից: Այն սահմանափակ է մոլորակի տարիքի կամ մոլորակի համար արածի տեսակետից։ Այս գիտակցումը հսկայական ինքնակայացում է»,- ստեղծագործության մասին ասել էր Սերժ Թանկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մալկովիչն իր ցանկությամբ է երևանյան համերգին կատարել հայկական գրական ստեղծագործության
- Ջոն Մալկովիչը հատվածներ է կարդալու «Մատյան Ողբերգության» պոեմից
- Ջոն Մալկովիչ. Հարատևում է արվեստի այն գործը, որը խորությամբ է դիպչում մարդուն
- Եթե փառատոնը կարողանում է միջազգային որակի նոր հնչողություն առաջարկել, մեծագույն հաջողություն է. Սերգեյ Սմբատյան
- «Երաժշտությունը կյանք է». Լևոն Կարապետյանը ոգևորությամբ է սպասում խաչատրյանական փառատոնի համերգին
- Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչի ելույթով կմեկնարկի Խաչատրյանի միջազգային փառատոնը
- Խաչատրյանի 5-րդ փառատոնը նվիրվելու է Այվազովսկու 200-ամյակին
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան