7 ֆիլմ. Ճապոնական ֆիլմերի 12-րդ փառատոնը Հայաստանում
Հոկտեմբերի 19-ից 23-ը տեղի կունենա Ճապոնական ֆիլմերի 12-րդ փառատոնը` նվիրված Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Փառատոնի շրջանակներում Երևան, Էջմիածին և Գյումրի քաղաքներում կցուցադրվեն կինոքննադատների և հանդիսատեսի կողմից բարձր գնահատականի արժանացած յոթ ֆիլմեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց հայ-ճապոնական «Հիկարի» գիտամշակութային կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը:
«Հոբելյանական միջոցառումները մեկնարկել են սեպտեմբերից, ունեցել են դեկորատիվ արվեստի, գեղանկարչության ցուցահանդեսներ»,- նշեց նա: Ինչ վերաբերում է փառատոնի ընթացքում ցուցադրվելիք ֆիլմերին, կենտրոնի նախագահն ասաց, որ դրանք յոթն են լինելու. «Կինոփառատոնի բացումը կլինի «Մոսկվա» կինոթատրոնում: Առաջին անգամ փառատոնը կբացվի «Արար» երգչախմբի մասնակցությամբ: Երգչախումբը կհնչեցնի Կոմիտասի ստեղծագործությունները, ինչպես նաև ճապոնական երաժշտաարվեսի ստեղծագործություններ»:
Հանդիպմանը ներկա ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիի խոսքով՝ կինոարվեստի միջոցով կարողանում են փոխանցել երկրի մշակույթը, կենցաղը, մտածելակերպը, ազգի բնավորությունը:
«Այս փառատոնը հոյակապ գործիք է ճանաչելու ազգը, պետությունը: Այս տարի փառատոնում գերիշխում են երաժշտության թեմատիկայով ֆիլմերը: Հուսով եմ՝ այս ֆիլմերի միջոցով կկարողանաք հասկանալ ճապոնացի ժողովրդի որոշակի ասպեկտներ»,- ասաց դեսպանը:
Էյջի Տագուչին հավելեց նաև, որ այս փառատոնով չեն սահմանափակվի հայ-ճապոնական մշակութային միջոցառումները: