Ընտանեկան բռնության մեջ ենթադրաբար մեղադրվողը կարող է բողոքարկել որոշումը. ՀՀ արդարադատության փոխնախարար
ԱԺ-ում այսօր ընթացող «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանից հետաքրքրվեց` արդյոք օրենքում անմեղության կանխավարկածի նկատմամբ ոտնձգություններ չկա՞ն և ի՞նչ է նշանակում, «ենթադրաբար բռնություն գործադրած անձ»։
Փոխնախարարն ի պատասխան ընդգծեց, որ «ենթադրաբար բռնություն գործադրած անձ» սահմանումը պայմանավորված է անմեղության կանխավարկածի պաշտպանությամբ։
«Հակառակ դեպքում կստացվեր, որ նախնական իրավիճակի նույնականացման ընթացքում մենք այդ մարդուն արդեն իսկ ընտանեկան բռնություն գործադրող պիտի ճանաչենք, այն դեպքում երբ դատական որոշումը բացակայում է։ Դրանից խուսափելու համար համապատասխան անձին մենք ենթադրաբար ընտանեկան բռնություն գործած անձ ենք համարում՝ դրանով իսկ անմեղության կանխավարկածը պաշտպանելով», - նշեց փոխնախարարը՝ ընդգծելով, որ ենթադրաբար մեղադրվող անձը կարող է բողոքարկել որոշումը։
Մանե Թանդիլյանը նաև հետաքրքրվեց, թե ինչո՞ւ խորհուրդը, որը պետք է ստեղծվի, կից է վարչապետին, այլ ոչ ԱԺ-ին։
«Այստեղ շահերի բախում եմ տեսնում, ինչո՞ւ ոչ ԱԺ հանձնաժողովին է կից, այլ վարչապետին», - պարզաբանեց նա։
Վիգեն Քոչարյանը նկատեց, որ ԱԺ գործառույթները ամրագրված են Սահմանադրությամբ, և դա գործադիր իշխանության գործառույթն է։
«Այդ խորհուրդը գործադիր իշխանության ղեկավարին կից է ձևավորվել, բայց բովանդակային առումով վերազդելու հնարավորություն գոյություն չունի, քանի որ այն աշխատելու է իր առանձին աշխատակարգով, իր օրակարգը ինքն է որոշելու և ազատ է լիենլու այս ոլորտին վերաբերող ռազմավարություն ծրագրեր առաջարկությունների տեսքով գործադիրի ղեկավարին ներկայացնելու հարցում», - նշեց նա։
Պատգամավորը նաև մտահոգություն հայտնեց առ այն, որ ոստիկանությունը չի կարողանա պատճաշ միջամտություն ցուցաբերել և առաջարկեց մասնագիտացված ոստիկանական մարմին ստեղծել, փոխնախարարն էլ նկատեց, որ օրենքը նախատեսում է մասնագիտացված ստորաբաժանումներ ունենալու հարցը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան