Ռոստոմյան. Կհասնենք այնպիսի մակարդակի, որ հնարավոր կլինի անցկացնել նաև վոլեյբոլի ներքին առաջնություն
«Սկսել ենք անցկացնել բասկետբոլի հանրապետական առաջնություն։ Հուսով եմ, որ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նոր նախագահի արհեստավարժ աշխատանքի շնորհիվ կհասնենք այնպիսի մակարդակի, որ հնարավոր կլինի անցկացնել նաև վոլեյբոլի ներքին առաջնություն»: Այս մասին հայտնել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը վոլեյբոլի Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բորիչիչի հետ հանդիպմանը:
Նա նշել է, որ չնայած Հայաստանում առավել զարգացած են մենապայքարային մարզաձևերը, սակայն պակաս մասսայականություն չեն վայելում նաև խաղային մարզաձևերը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Ալ. Բորիչիչը նախարարին տեղեկացրել է եվրոպական կոնֆեդերացիայի կողմից հանրակրթական դպրոցներում վոլեյբոլի զարգացմանը միտված ծրագրի մասին, որը մեծապես կնպաստի մարզաձևի մասսայականացմանը:
«Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, վոլեյբոլի Եվրոպայի կոնֆեդերացիայի և Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի եռակողմ համագործակցության շնորհիվ կկարողանանք հասնել լավ արդյունքների»,- նշել է հյուրը:
Նախարար Ռոստոմյանը եվրոպական կառույցի ղեկավարին տեղեկացրել է, որ հանրակրթական դպրոցներում ծրագրի ներդրման վերաբերյալ համապատասխան նախագիծը Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայից ստանալուց հետո ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը պատրաստ է ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ սկսել քննարկումներ՝ այդ ծրագրի իրագործման շուրջ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան