Հայաստան և Իրան. երբ հողն է հիշում՝ Արմեն Ամիրյանը ամփոփել է
Իրանի ազգային թանգարանում նախօրեին բացվել է «Հայաստան և Իրան. հողի հիշողություն» ցուցահանդես: Երկու երկրների պատմության թանգարաններից համաժամանակյա (Ք. ա. IV հազարամյակից մինչև Ք.ա. I դար) 103-ական նմուշ է ներկայացված։ Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել ՀՀ մշակույթի նապարար Արմեն Ամիրյանը:
Մշակույթի նախարարության հաղորդմամբ, Իրանի փոխնախագահ և մշակութային ժառանգության, ձեռնարվեստի, զբոսաշրջության կազմակերպության նախագահ Ալի Ասղար Մունեսանի և Իրանի մշակույթի, իսլամական առաջնորդման նախարար Սեյեդ Աբբաս Սալեհիի հետ Թեհրանում հանդիպումներից հետո Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Երևանում ամփոփել իր ներկայացրած առաջարկները, որոնցից շատերի շուրջ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել.
. եռակողմ աշուղական փառատոնի կազմակերպում ( Հայաստան, Իրան և Վրաստան),
. «Գորիսը՝ ԱՊՀ 2018թ. մայրաքաղաք ծրագրին նաև Իրանի մասնակցություն ( « Հրաշալի, խիստ զարգացած ձեռնարվեստ ունի Իրանը, որի նմուշներն, արժե, որ ցուցադրվեն Հայաստանում» . Արմեն Ամիրյան),
. հնագիտական համատեղ արշավախմբերի ձևավորում,
. հայ-իրանական համատեղ սիմֆոնիկ նվագախմբի ստեղծում, որը համերգներ կունենա ոչ միայն Հայաստանում և Իրանում,
. ըստ Ֆիրդուսու, «Ռուստամ և Զոհրաբ» հայերեն ներկայացման ստեղծում՝ պարսկերեն ուղեկից լուսագրերով,
. իրանական ֆիլմերի արտադրություն Հայաստանում, երբ կընդունվի Կինոյի մասին ՀՀ օրենքը,
. հայկական հեքիաթների պարսկերեն տպագրություն և պարսկական հեքիաթների հայերեն հրատարակում, գրքերի բաժանում գրադարաններին՝ փոխադարձության սկզբունքով,
. մշակութային հուշանվերների համատեղ ձեռնարկության ստեղծում Հայաստանում,
. հայկական գորգի ցուցահանդես Իրանի գորգի թանգարանում,
. Մարտիրոս Սարյանի գործերի ցուցահանդես Իրանում,
. հայաստանցի և իրանցի ժամանակակից արվեստի համատեղ ցուցահանդես, որը կներկայացվի և′ Հայաստանում, և′ Իրանում,
. Իրանի Գոլեստանի թանգարանից ցուցանմուշների ներկայացում Երևանի Կապույտ Մզկիթի տարածքում։