Կոնվերս Բանկը վերանայել է հիփոթեքային վարկավորման պայմանները
Հիփոթեքային վարկավորման ցուցանիշով Հայաստանի բանկային համակարգի առաջատար դիրքերում գտնվող Կոնվերս Բանկը վերանայել է «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում վարկավորման պայմանները՝ նվազեցնելով տոկոսադրույքը և երկարաձգելով ժամկետը:
«Կոնվերս Բանկը կարևորում է երիտասարդ ընտանիքների համար վարկավորման լավագույն պայմանների ստեղծումը, երիտասարդների համար հասանելի, մատչելի պրոդուկտների գործարկումը՝ պարբերաբար հանդես գալով շահավետ առաջարկներով: «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում վարկավորման տոկոսադրույքի վերանայմամբ բնակարանի ձեռքբերումը հասանելի է դառնում ավելի մեծ թվով երիտասարդների»,-ասել է Կոնվերս Բանկի Վարկավորման բաժնի պետ Տարոն Հովսեփյանը:
Բանկի հրապարակած տվյալների համաձայն, մասնավորապես, ծրագրի շրջանակներում Բանկն առաջարկում է առավելագույնը 17,5 մլն դրամի, մարման մինչև 20 տարի ժամկետով վարկեր՝ Հայաստանի բանկային շուկայում ամենամրցունակ՝ 8.5 տոկոս տարեկանով դրույքաչափով: Ըստ որում, այդ տոկոսադրույքը կիրառվում է Հայաստանի ողջ տարածքում: Երևանում վարկավորման տոկոսադրույքը սուբսիդավորվում է 2%, մարզերում՝ 4%-ով:
Զուգահեռաբար, Կոնվերս Բանկում վերանայվել է նաև «Ազգային հիփոթեքային ընկերության» ֆինանսավորմամբ իրականացվող բնակարանային միկրովարկերի տոկոսադրույքը: Այն ներկայում տարեկան 12 տոկոս է՝ նախկին 13-ի փոխարեն: