Կարագի գներն այս տարվա ընթացքում բարձրացել են շուրջ 35 տոկոսով. ՏՄՊՊՀ նախագահ
«Գնագոյացման վրա ազդում է բազմաթիվ, բազմապիսի գործոններ, տնտեսվարողների հակամրցակցային գործողությունները կարող են այդ բազմաթիվ գործոններից ընդամենը մեկը լինել»,- Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2018 թ. տարեկան գործունեության ծրագիրը՝ ասաց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Նա նշեց, որ այդ տեսանկյունից իրենց տեսադաշտում են այն շուկաները, որտեղ կա կենտրոնացվածության բարձր աստիճան, կան խոշոր ընկերություններ, որոնք հնարավոր է, օգտվելով իրենց մրցակցային առավելությունից, չարաշահումներ իրականացնեն:
Ա. Շաբոյանի խոսքով, իրենց ուշադրության կենտրոնում են կարագի և բենզինի շուկաները:
Խոսելով կարագի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին, ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ կարագի գներն այս տարեսկզբից մինչև հիմա բարձրացել է շուրջ 35 տոկոսով, այնուհանդերձ այդ բարձրացումն ավելի վաղ էր սկսվել՝ անցած տարվա սեպտեմբերից:
«Եթե անցած տարվա սեպտեմբերից դիտարկենք, ապա կարագի գները բարձրացել են 53 տոկոսով»,- հավելեց նա:
Ա. Շաբոյանը նշեց, որ ուսումնասիրել են ներկրող ընկերությունների փաստաթղթերը՝ պարզելու, արդյոք բարձրացումը հիմնավորված է, թե ոչ: Հանձնաժողովը ուսումնասիրել է կարագի ոլորտում խոշոր ընկերության՝ «Ալեքս գրիգ»-ի ձեռքբերման փաստաթղթերը. «Համաձայն մեր ուսումնասիրությունների, ձեռքբերման փաստաթղթերով կարագի գները շուրջ 87 տոկոսով են թանկացել»:
Նա տեղեկացրեց, որ միջազգային շուկայում գներն անցած տարվա մայիսից բարձրացել են 126 տոկոսով:
«Այսինքն՝ գնային բարձրացումը օբյեկտիվ է և պայմանավորված է միջազգային շուկայի զարգացումներով»,- ասաց Արտակ Շաբոյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ. Վերջին ամիսներին կարագի միջազգային շուկայում դիտվել է կտրուկ թանկացում
- «Կարագը վերջին 10 օրերին թանկացել է 30-35 տոկոսով, խոզի միսը՝ 20-25». «168 ժամ»