2017-ին Հայաստանում ՀՆԱ–ի մեջ արտահանման բաժինը կարող է հասնել 37-38 տոկոսի. Սուրեն Կարայան
Արտահանումը շարունակում է լինել տնտեսական աճի հիմնական շարժիչը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` հավելելով, որ հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ապրանքների արտահանման աճը կազմել է 21.7%, ապրանքերի ու ծառայությունների արտահանման աճն էլ գերազանցել է 20 տոկոսը:
Այսպիսով, նշված ժամանակահատվածում ապրանքների արտահանումը կազմել է 1383.2 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 246.3 մլն դոլարով: Դեպի ԱՊՀ երկրներ էլ արտահանումն աճել է 33.0%-ով, ԵՄ երկրներ՝ 32.6%-ով, այլ երկրներ՝ 11.0%-ով:
«Սա թույլ է տալիս մեզ ենթադրել, որ այս տարվա արդյունքներով ՀՆԱ-ի մեջ ապրանքների ու ծառայությունների արտահանման տեսակարար կշիռը կկարողանանք հասցնել 37-38 տոկոսի: Սա էլ իր հերթին հիմք է տալիս մտածելու, որ առաջիկայում կարողանանք ապահովել այն ցուցանիշը, որ կառավարության ծրագրում է ամրագրված՝ ապրանքների և ծառայությունների արտահանման կշիռը ՀՆԱ-ում հասցնել 40-45 տոկոսի»,- նշեց Սուրեն Կարայանը:
Անդրադառնալով արտահանման խրախուսմանն ուղղված աշխատանքներից՝ նախարարն ասաց, որ թիրախավորել են այն շուկաները, որոնց հետ Հայաստանն ունի արտոնյալ առևտրի ռեժիմներ: «Դրանք ԵԱՏՄ և ԵՄ շուկաներն են: Արտահանման ծավալները վկայում են այն մասին, որ այդ ուղղություններով կատարված աշխատանքները եղել են արդյունավետ:
Արդյունքում, այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է 34.2 տոկոսով, իսկ ԵՄ երկրներ՝ 32.6 տոկոսով»,- ասաց Սուրեն Կարայանը՝ հավելելով, որ քայլեր են ձեռնարկել այդ շուկաներում հայկական արտադրանքի լայն ներկայացվածության համար, ինչպես նաև՝ հայկական արտադրանքի մուտքի դյուրացման ուղղությամբ՝ փորձելով վերացնել առաջացող հնարավոր խոչընդոտները:
Նախարարի խոսքերով՝ ԵԱՏՄ շուկաներ արտահանման խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու նպատակով ՌԴ Վերին Լարս մաքսային կետի, ՀՀ ԿԱ ՊԵԿ և ՀՀ ՏԶՆՆ պաշտոնյաների մասնակցությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ: Արդյունքում՝ հատկապես ձմռան և գարնան ամիսներին այդ գործում առաջացած խոչընդոտների հաղթահարման համար ապահովվել է օպերատիվ արագ արձագանք։
Արտերկրում, մասնավորապես` ԵԱՏՄ երկրներում, լոգիստիկ ենթակառուցվածքներ ունեցող և ՀՀ-ում առկա լոգիստիկ կազմակերպությունների հետ տարվել են նաև աշխատանքներ՝ պետություն-մասնավոր գործընկերությամբ արտահանող/լոգիստիկ ընկերությունների շուրջ փոքր ու միջին կազմակերպությունների համախմբման ուղղությամբ: «Համագործակցության այդպիսի ձևաչափը պետք է նպաստի մեկ բրենդի ներքո արտասահմանյան առևտրային ցանցերին հայաստանյան արտադրանքի կանոնավոր մատակարարումներին՝ կոնյակ, չիր, պանիր, ձկնային արտադրանք և այլն»,- ասաց նա:
Սուրեն Կարայանը նշեց նաև, որ մի շարք երկրների պետական մարմինների հետ՝ Իրան, Ղազախստան, Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների, աշխատանքներ են տարվել արտահանման և ներկրման համատեղ ընկերություն հիմնելու ուղղությամբ։ Առանձին դեպքերում առկա են նախնական պայմանավորվածություններ։
Խոսելով արտաքին շուկաների հասանելիության ընդլայնման մասին, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հայտնեց, որ ավարտին է մոտենում «ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի շուրջ բանակցային փուլը: Իրանական շուկա հայկական ապրանքների արտահանման նպատակով 40 ապրանքներ ներառվել են համաձայնագրի բանակցությունների գործընթացում, որոնց գծով նախատեսվում է մաքսատուրքի իջեցում, ինչպես նաև՝ ոչ սակագնային կարգավորումների պարզեցում:
Սուրեն Կարայանը նշեց նաև, որ Հայաստանն աննախադեպ տեմպերով արտահանում է կատարում Իրան: Ըստ նրա՝ 2017 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանից Իրան արտահանման աճը կազմել է 11,2 տոկոս:
Բացի այդ, ավարտվել են Չինաստան-ԵԱՏՄ առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները և ձեռք են բերվել սկզբունքային համաձայնություններ փոխադարձ առևտրի բնագավառում ոչ տարիֆային կարգավորումների դյուրացման վերաբերյալ։ Փաստաթղթի ստորագրումը, ըստ Սուրեն Կարայանի, կխթանի ԵԱՏՄ անդամ երկրների և Չինաստանի երկկողմ առևտուրը ու կնպաստի հայկական արտադրանքի արտահանման ավելացմանը դեպի Չինաստան։
Նախարարը նաև հայտնեց, որ քննարկումներ են ընթանում պետություն-մասնավոր գործընկերությամբ հայ-իրանական համատեղ արտահանող ընկերություն ստեղծելու ուղղությամբ։ Նշված ընկերության ստեղծումը կնպաստի դեպի իրանական շուկաներ հայկական ապրանքների արտահանման ծավալների զգալի աճին։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա, ըստ Սուրեն Կարայանի, ԵԱՏՄ շրջանակներում քննարկվել և բանակցային տարբեր փուլերում են գտնվում մի շարք երկրների հետ (Սերբիա, Իսրայել, Հնդկաստան, Եգիպտոս, Սինգապուր) ազատ առևտրի մասին համաձայնագրերի նախագծեր։
Նշվեց նաև, որ 2018թ․հունվարի 1-ից Հայաստանը կմիանա Եվրամիության ինքնահայտարարագրման REX համակարգին, որը հնարավորություն կտա ձեռներեցներին՝ յուրաքանչյուր անգամ մինչև 6 հազար եվրո արժողությամբ ապրանքների արտահանումը դեպի ԵՄ երկրներ իրականացնել առանց ծագման սերտիֆիկատ ներկայացնելու: