Էդվարդ Նալբանդյանը կարևորել է վիզային կենտրոնների աշխատանքների բարելավումը
Հոկտեմբերի 18-ին աշխատանքային այցով Բրյուսել ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով Եվրամիության հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ։
Ինչպես հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից, հանդիպմանը երկուստեք գոհունակություն է հայտնվել արդեն մոտ չորս տարի Մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի շուրջ Հայաստանի և ԵՄ-ի միջև գործող համաձայնագրերի հաջող իրականացման կապակցությամբ։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների կողմից Երևանում հիմնադրած վիզային կենտրոնների աշխատանքների բարելավումը։
Հայաստանի արտգործնախարարն ու Եվրամիության հանձնակատարը քննարկել են մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորությանն առնչվող հարցեր։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստման շուրջ։