Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մշտապես սատարում են Արցախին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 17-ին աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հոկտեմբերի 18-ին Նախագահ Սահակյանը մասնակցել է 4-րդ Եվրոպական հայկական համագումարի բացմանը և հանդես եկել ողջույնի խոսքով:
Նախագահն արժևորել է նման միջոցառումները, նշելով, որ դրանք լավ հարթակ են՝ քննարկելու համազգային խնդիրները, նախանշելու դրանց լուծման ուղիներն ու հետագա անելիքները, մշակելու և իրականացնելու տարբեր ծրագրեր սփյուռքի հայկական համայնքների, մայր Հայաստանի և Արցախի շարունակական զարգացման ու զորացման ուղղությամբ:
«Չափազանց կարևոր է, որպեսզի կայանա մտքերի կառուցողական փոխանակում, հնչեն տարբեր կարծիքներ և ընդունվեն փոխհամաձայնեցված որոշումներ՝ առաջին հերթին գերնպատակ ունենալով միավորել մեր ժողովրդի տարբեր հատվածները համազգային ծրագրերի իրականացման շուրջ»,-ընդգծել է երկրի ղեկավարը:
Բակո Սահակյանը խորին երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մշտապես սատարում են Արցախին, ապրում նրա հոգսերով, անում հնարավորը տարբեր ատյաններում արցախյան հիմնախնդիրը արդարացի ներկայացնելու և մեր ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար:
Միջոցառման ընթացքում Նախագահ Սահակյանն Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացում ունեցած նշանակալի ավանդի համար «Երախտագիտություն» մեդալ է հանձնել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբին: Համագումարին ներկա էին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում