Մահացել է Լևոն Հայրապետյանը
Այսօր առավոտյան 68 տարեկանում մահացել է արցախցի հայտնի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը:
«Ինձ կթաղեք իմ հարազատների կողքին»,-գործարարի վերջին խոսքերն է գրել մոսկովաբնակ հայ լրագրող Վահե Ավանեսյանը:
«Ազատություն Լևոն Հայրապետյանին» քաղաքացիական նախաձեռնությունը բազմիցս հայտարարել էր Հայրապետյանի առողջական վատ վիճակի ու հիվանդության խորացման մասին:
«Մեր աչքի առջև տեղի է ունենում այն, ինչի մասին զգուշացնում էին բժիշկներն ու իրավաբանները. այս վիճակում մարդը չի՛ կարող բանտում պահվել: Դա հակասում է մարդասիրական բոլոր սկզբունքներին։
Ապրիլի 14-ին Լևոն Հայրապետյանը դատապարտվեց չափազանց կասկածելի մեղադրանքով՝ լի տասնյակ իրարամերժություններով: Նրա գործով տուժողը բազմաթիվ սպանությունների գործով ցմահ դատապարտված նախկին սենատոր Իգոր Իզմեստևն է, ինչն ինքնին նոնսենս է՝ դատել մարդուն ցմահ դատապարտված մարդասպանի դիմումի հիման վրա»,-ահազանգել էր նախաձեռնությունը:
Հիշեցնենք, որ անցած տարի Ռուսաստանի Դաշնության Զամոսկվորեչյան դատարանը հրապարակել էր հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի նկատմամբ դատավճիռը՝ մեղադրելով նրան ՌԴ Քրեական օրենսգրքի 159 հոդվածի 4-րդ կետով և դատապարտելով 4 տարվա ազատազրկման:
Գործարարին ազատ արձակելու կոչ-հայտարարություն էին տարածել նաև ԼՂՀ ԱԺ խմբակցությունները. «Լինելով հայրենասեր և իր ժողովրդի արժանավոր զավակ՝ Լևոն Հայրապետյանը տարիներ շարունակ Արցախում իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր՝ նպաստելով հայրենի երկրի զարգացմանը: Նրա գործունեության մեջ կարևոր տեղ է զբաղեցրել նաև հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդումը:
Հաշվի առնելով Լևոն Հայրապետյանի օրեցօր վատթարացող առողջական վիճակը՝ ԼՂՀ ԱԺ պատգամավորական խմբակցությունները Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններին հորդորում են մարդասիրական վերաբերմունքից ելնելով գործող օրենսդրության շրջանակներում վերանայել կալանքի պայմանները, օբյեկտիվ վերաքննությամբ էապես մեղմել սահմանված պատիժը և ազատ արձակել նրան»:
Հիշեցնենք՝ 2008 թվականին «Բաշնեֆտ» ընկերության վաճառքի ժամանակ ֆինանսական խարդախություն անելու մեջ կասկածվող Լևոն Հայրապետյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր անցած տարվա հուլիսին: Հոկտեմբերի սկզբին առողջական խնդիրների պատճառով նրա նկատմամբ խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Հայրապետյանին տեղափոխել են «սադիստական» պայմաններով բանտ. Ահազանգ
- ՄԻՊ-ը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Լևոն Հայրապետյանի հարցը. խոսնակ
- Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի բողոքի ակցիաները Երևանում կվերսկսվեն
- Դատարանը ստուգելու է գործարար Լևոն Հայրապետյանի վճռի օրինականությունը
- ԼՂՀ ԱԺ-ի խմբակցությունների հայտարարությունը՝ Լևոն Հայրապետյանի դատավճիռի վերաբերյալ