Կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականությունն ամբողջովին արդարացվել է. Սուրեն Կարայան
«Այսօր կարող ենք վստահաբար ասել, որ կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականությունն ամբողջովին արդարացվել է և մեկ տարի առաջ ներկայացված մեր տեսլականն իրականացել»,- այս մասին այսօր՝ ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին, ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Նրա խոսքով՝ Կառավարությունը հետագա զարգացումը տեսնում է արտահանելի տնտեսության ձևավորման մեջ:
«Այն արդյունքները, որոնք արձանագրվել են այս տարվա ութ ամիսներին, մասնավորապես ապրանքների արտահանման 21,7% աճը, թույլ են տալիս ենթադրել որ այս տարվա արդյունքներով ՀՆԱ-ում ապրանքների և ծառայությունների տեսակարար կշիռը առաջիկա տարիներին կկարողանանք հասցնել 37-38%-ի»,- նշեց նախարարը:
Անդրադառնալով տնտեսության զարգացման տեմպերին, նախարարը ներկայացրեց վիճակագրական մի շարք տվյալներ, որոնք վկայում են տնտեսության շարունակական զարգացման մասին։
Մասնավորապես, ըստ Սուրեն Կարայանի, 2017 թվականի հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5,5%. աճին նպաստել են արդյունաբերության, առևտրի և ծառայությունների ճյուղերում երկնիշ աճերը:
Նշենք, որ 2017 թվականի առաջին կիսամյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 5.9%: Ընդհանուրի նկատմամբ առաջանցիկ աճ են արձանագրել՝ արդյունաբերության ոլորտը, որի ՀՆԱ աճը կազմել է 7.7%, ինչպես նաև առևտրի և ծառայությունների ոլորտը` 8.1%։
Սուրեն Կարայանը հայտնեց, որ հունվար-օգոստոս ամիսներին արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալի աճը կազմել է 12.4%: Առավել բարձր է եղել մշակող արդյունաբերության արտադրության ծավալների աճը՝ 16.4%, որն ապահովել է ընդհանուր արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալների աճի ավելի քան 10 տոկոսային կետը կամ 82%-ը:
Տպավորիչ աճ են արձանագրել խմիչքների (այդ թվում՝ կոնյակ, գինիներ) արտադրությունը՝ 35.3%, մանածագործական արտադրատեսակների արտադրությունը՝ 47.4%, հագուստի արտադրությունը՝ 24.4%, դեղագործական արտադրանքի արտադրությունը՝ 17.6%. Էլեկտրական սարքավորումների արտադրությունը՝ 2,6 անգամ, ինչպես նաև՝ ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը՝ 40.3%: 2017թ. առաջին կիսամյակի արդյունքներով մշակող արդյունաբերությունում գրանցվել է աշխատանքի արտադրողականության զգալի աճ՝ շուրջ 20 տոկոս:
Ինչ վերաբերում է առևտրաշրջանառությանը, այս տարվա ութ ամիսների ընթացքում առևտրի շրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 12․3%-ով։
Նախարարը նշեց, որ մեծածախ առևտրի շրջանառությունն աճել է 20․8%-ով, ինչը մեծապես կրում է տեղական վերամշակող արդյունաբերության աճի ազդեցությունը։ Նշվեց նաև, որ մանրածախ առևտրի շրջանառությունն աճել է 5․8%-ով։
«Այս դեպքում իր դրական ազդեությունն է ունեցել այս տարվա ընթացքում ներգնա տուրիզմի զգալի աճը»,- ասաց Սուրեն Կարայանը:
Ծառայությունների ծավալն էլ տարվա առաջին 8 ամիսների ընթացքում աճել է 12,4%-ով։
Սուրեն Կարայանի խոսքով՝ բարձր աճի տեմպեր են արձանագրել ծառայությունների այն ճյուղերը, որոնք ուղղակիորեն կապված են տուրիզմի ծավալների ավելացման հետ։ Մասնավորապես, կացության և հանրային սննդի կազմակերպման ծառայությունները նախորդ տարվա համեմատությամբ աճել են 18․8%-ով, մշակույթի, զվարճությունների և հանգստի ծառայությունները՝ 15,2%-ով, իսկ տրանսպորտի ծառայությունները՝ 14.9%-ով։