Ժնևյան հանդիպման նպատակը լարվածության նվազեցումն էր. Բորիս Նավասարդյան
Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումը փոխկապակցված էր Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հետ: Ադրբեջանը որոշ աջակիցների օգնությամբ այնտեղ փորձում է ամրագրել տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքը: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
«Ադրբեջանի նպատակն է Արևելյան գործընկերության երկրների շարքում լրացուցիչ դաշնակիցներ ձեռք բերել: Ադրբեջանը ցանկանում է որ Մերձդնեստրյան չճանաչված հանրապետությունները, Աբխազիան, Հարավային Օսիան և Արցախը դիտարկվեն նույն համատեքստում: Ուզենք, թե չուզենք այդ համատեքստն ազդում էր ամբողջ գործընթացի վրա: Անցած տարվա ապրիլյան պատերազմից հետո Հայաստանը կարծես հասավ որոշ մարտավարական նպատակների: Մայիս-հունիս ամիսներին նույնիսկ համաձայնություններ ձեռք բերվեցին:
Ադրբեջանը դեմ էր, որ այդ բանակցությունների արդյունքները կյանքի կոչվեն: Հայաստանն իր հերթին մերժում էր հետագա բանակցությունների հնարավորությունը՝ մինչև պայմանավորվածությունները պրակտիկորեն չկիրառվեն»,- նշեց բանախոսը:
Անդրադառնալով Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպմանը՝ Բորիս Նավասարդյանը նկատեց՝ բանակցությունները երկար ժամանակ բոյկոտելը Հայաստանի համար մարտավարական առումով նպատակահարմար չէր, քանի որ դա կարող էր բացասաբար ազդել երկրի վարկանիշի վրա:
«Պարզ էր, որ վաղ թե ուշ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է համաձայներ գնալ հանդիպման: Ալիևը նույնպես, քանի որ գտնում է, որ կարելի է վերադառնալ այն օրակարգին, որը ձեռնտու է Ադրբեջանին: Այդ օրակարգը Մադրիդյան սկզբունքներն են: Ինչ վերաբերում է ժնևյան հանդիպմանը, ապա դրա հիմնական նպատակը ընդհանուր լարվածության նվազեցումն էր, ոչ թե կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելը: Ադրբեջանական վերջին սկանդալները, կարծում եմ, կարող են հույս ներշնչել, որ այս հանդիպման արդյունքում Հայաստանը որոշակի մարտավարական օգուտ ստացավ»,- ամփոփեց բանախոսը:
Հարակից հրապարակումներ`
- Սարգսյան-Ալիև հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում. հայտարարություն
- Այս պահին ընթանում է Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը
- Մեկնարկել են Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև բանակցությունները
- ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան