Տրամաբանության չափով պետք է լեգալիզացնել անտառհատումները. Վարչապետ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ անտառների կառավարման և պահպանման խնդիրներին:
Նրա խոսքերով՝ անտառների կառավարման և պահպանման արդյունավետության բարձրացման և առկա խնդիրների լուծման նպատակով տրվել էր համապատասխան հանձնարարական։ Մոտ ժամանակներս, ըստ նրա, շահագրգիռ մարմինների հետ ամբողջությամբ քննարկված և լրամշակված հայեցակարգը կներկայացվի Կառավարության աշխատակազմ:
«Միաժամանակ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ մի կողմից ապօրինի ծառահատումների համար սահմանված վարչական և քրեական պատասխանատվության միջոցները չեն նպաստում դրանց կանխարգելմանը, մյուս կողմից վերջին տարիներին ավելի քան երեք անգամ նվազեցվել են բնափայտի մթերման օրինական ծավալները»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները և դրանց լուծման հրատապությունը, վարչապետւը հանձնարարեց ՀՀ բնապահպանության, Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին շարունակել անտառամերձ համայնքների բնակիչներին թափուկի անվճար տրամադրման գործընթացը՝ առաջնայնությունը տալով սոցիալապես խոցելի խմբերին, միաժամանակ ապահովելով այդ գործընթացի թափանցիկությունը:
Միաժամանակ վարչապետը հանձնարարեց 10-օրյա ժամկետում համատեղ քննարկել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել բնափայտի օրինական մթերման վերանայված և օպտիմալ ծավալները՝ հիմնված բնական վերաճի և սահմանափակումների վրա:
Կարեն Կարապետյանը նշեց նաև, որ պետք է 2-ամսյա ժամկետում էլ համատեղ մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել ապօրինի անտառահատումների վերաբերյալ վարչական և քրեական պատասխանատվության միջոցների հստակեցման և խստացման վերաբերյալ իրավական ակտի նախագծեր:
«Մենք հաշվի առնելով ռեալ շուկայի ծավալները, գնահատելով ստվերը պետք է «Հայանտառ» ձեռնարկությունում բարեփոխումներ կատարենք, տրամաբանության չափով լեգալիզացնել անտառհատումները, ֆինանսական միջոցներ ուղղենք «Հայանտառ», որպեսզի պատրաստված լինեն գույքով և անհրաժեշտ գործիքներով, որպեսզի հսկողությունը սահմանեն մաքսիմալ կոշտ»,- ասաց Կարեն Կարապետյանը: