Խցանումների հին հարցը և վարչապետի նոր հանձնարարականը
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերում էր ճանապարհային երթևեկության ընթացքում առաջացող խցանումներին։
Վարչապետը նշեց, որ վերջին ժամանակահատվածում նախաձեռնել են օրենսդրական և գործնական բարեփոխումներ ճանապարհային կանոնների պահպանման և նվազ նշանակության իրավախախտումների նախազգուշացման կիրառման ուղղությամբ, ճանապարհային կանոնների խախտման դեպքերով տուգանքներին հավելվող տույժերն էլ վերացվել են: Բացի այդ, մշակված նոր Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նախագծով նախատեսվել են նախազգուշացման ինստիտուտի կիրառման ճկուն մեխանիզմներ:
«Միաժամանակ, փաստ է, որ աշխատանքային օրերին Երևան քաղաքում առկա են խցանումներ, երթևեկության կազմակերպման խնդիրներ, որոնց պատճառները բազմազան են և պահանջում են լուծումներ: Մասնավորապես, խնդիրներ են առաջանում նաև ուղևորների նստելու կամ իջնելու դեպքերում օրենսգրքով սահմանված մեկ րոպե ժամանակահատվածի պահպանման մասով»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը հանձնարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, Ոստիկանության պետին և Երևանի քաղաքապետին 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել Երևան քաղաքում խցանումների նվազեցման հնարավորությունները:
Հաշվի առնելով որոշ հատվածներում ավտոկայանատեղերի սահմանափակման, ճանապարհային երթևեկության կազմակերպման և հսկողության խստացման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև այլընտրանքային երթուղիների կառուցման հարցերը, վարչապետը հանձնարարեց Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին և Ոստիկանության պետին էլ առաջարկեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով կանգառ կատարելու դեպքերում սահմանված մեկ րոպե ժամանակահատվածի գերազանցումների արձանագրման մոտեցումների վերանայման հնարավորությունը և Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան