Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել երեք անձի
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ մարզի տարածքում «armday.am» լրատվական կայքի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ։ Մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Նախնական տվյալներով՝ 2017թ. հոկտեմբերի 7-ին, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, լրագրողը մեկնել է Վայոց Ձոր մարզի Շատին գյուղ՝ ՊՈԱԿ-ի տնօրենի հետ հարցազրույցի համար։ Լրագրողը տնօրենի հետ հանդիպել է ՊՈԱԿ-ի մասնաշենքում, իսկ հարցազրույցին ներկա է գտնվել նաև տնօրենի քույրը, ով աշխատում է նույն ՊՈԱԿ-ում՝ որպես ընտանեկան բժիշկ։ Մասնաշենքում է գտնվել նաև վերջինիս ամուսինը՝ Քարագլուխ համայնքի ղեկավարը։
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՊՈԱԿ-ի տնօրենն ի սկզբանե համաձայնել և պատասխանել է լրագրողի հարցերին, որը ձայնագրառվել է։ Հարցազրույցի ընթացքում լրագրողը ՊՈԱԿ-ի տնօրենին հարցեր է ուղղել նաև որոշակի գումարի դիմաց բժշկական տեղեկանքներ տրամադրելու վերաբերյալ, ինչը վրդովվեցրել է տնօրենին: Քննության տվյալներով՝ վերջինս քրոջ հետ միասին պահանջել է ջնջել հարցազրույցի տեսաձայնագրությունը և կանչել մոտակայքում գտնվող համայնքի ղեկավարին, որպեսզի թույլ չտան լրագրողին հեռանալ՝ նախքան հարցազրույցի ձայնագրությունը ջնջելու մասին իրենց պահանջը կատարելը՝ այդպիսով խոչընդոտելով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ՊՈԱԿ-ի տնօրենին, նույն ընկերության ընտանեկան բժշկին և Քարագլուխ համայնքի ղեկավարին այսօր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում