Լեհաստանի Սենատն ընդունեց բանաձև՝ Լեհաստանում հայերին տրված հատուկ արտոնության 650-ամյա հոբելյանի առթիվ
Ի նշանավորումն Լեհաստանում հայերին տրված հատուկ արտոնության 650-ամյա հոբելյանին Լեհաստանի օրենսդիր մարմինն այսօրվա նիստում բանաձև է ընդունել:
Նախաձեռնությունը եղել է սենատոր Յանա Զարյանայինը: Ինչպես հայտնում է Լեհաստանի օրենսդիր մարմնի պաշտոնական կայքը, նիստին ներկա է եղել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը և Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը:
Բանաձևում Լեհաստանի Հանրապետության Սենատը շնորհավորում է հայերին ունեցած ձեռքբերումների համար, շնորհակալություն հայտնում լեհական մշակույթում ունեցած ներդրման համար, ինչպես նաև Լեհաստանի պատմության մեջ ստեղծագործ ներգրավվածության համար:
ԱԺ հասարակակայնության հետ կապերի տեղեկացմամբ՝ Բանաձևի ընդունումն ուղեկցվել է «Հայերը Լեհաստանում» ցուցահանդեսի բացմամբ, որի ընթացքում Արա Բաբլոյանը հանդես է եկել ելույթով:
«Մեծարգո՛ պարոն մարշալեկ,
տիկնայք և պարոնայք,
նախ և առաջ ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել հարգարժան պարոն Կարչևսկուն՝ Լեհաստանի Հանրապետություն պաշտոնական այց կատարելու հրավերի, ցուցաբերվող ջերմ ընդունելության և, իհարկե, հայ և լեհ ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող այս ցուցահանդեսը կազմակերպելու համար: Նման նախաձեռնությունները, անշուշտ, իրենց կարևոր տեղն ունեն երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում:
Պատմական աղբյուրները փաստում են, որ հայ և լեհ ժողովուրդներն իրար ճանաչել են սկսած 9-րդ դարից, երբ դժվար հանգամանքների ներքո հայ ժողովրդի որոշ հատված ստիպված էր լքել իր հայրենի բնօրրանը: Նրանց մի մասը բնակություն հաստատեց Լեհաստանի հյուրընկալ հողում: Լեհ ժողովուրդը, ինչպես նաև լեհ թագավորներն ու իշխանավորները, սիրալիր և բարեհաճ վերաբերմունք են ցուցաբերել տեղի հայ բնակչության նկատմամբ, վերջիններիս տվել մի շարք արտոնություններ:
Այսօրվա ցուցահանդեսին ներկայացվող արժեքավոր նյութերը մեր ժողովուրդների բազմադարյա ամուր բարեկամության անխոս վկայություններն են:
Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակը նշանավորվում է Լեհաստանի տարբեր քաղաքներում կազմակերպվող զանազան միջոցառումներով: Օգտվելով առիթից? ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Լեհաստանի իշխանություններին` մեր հայրենակիցների հանդեպ ցուցաբերվող բարյացակամ վերաբերմունքի համար:
Բազմադարյա ներկայության ընթացքում հայերն իրենց ներդրումն են ունեցել Լեհաստանի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում՝ տալով բազմաթիվ հայտնի անուններ: Մեծ է անվանի այն մարդկանց քանակը, ովքեր ունեն հայկական արմատներ և ինչպես լեհ, այնպես էլ հայ ժողովրդի հպարտությունն են:
Տիկնայք և պարոնայք,
հայ և լեհ ժողովուրդների դարերի քննություն անցած բարեկամությունն այսօր մեր միջպետական սերտ հարաբերությունների հիմնաքարերից է: Հատկանշական է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Անցած 25 տարվա ընթացքում հայ-լեհական միջպետական հարաբերությունները փոխադարձ վստահության և բարեկամության մթնոլորտում վերընթաց զարգացում են ապրել:
Ցանկանում եմ հույս հայտնել, որ մեր երկրների խորհրդարաններն իրենց կարևոր ներդրումը կունենան այդ հաստատուն հենքի վրա հիմնված հայ-լեհական միջպետական համագործակցության հարստացման գործում: Պարոն Կարչևսկու և պարոն Կուհչինսկու հետ կայացած հանդիպումների ժամանակ հանգամանալի անդրադարձել ենք հայ-լեհական միջխորհրդարանական հարաբերություններին: Իմ պատրաստակամությունն եմ հայտնում առավել խորացնելու մեր խորհրդարանների միջև հարաբերությունները և ակտիվացնելու պատգամավորական բարեկամական խմբերի միջև կապերը:
Լեհաստանի և լեհ ժողովրդի վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ դրսևորվեց նաև 2005 թվականին, երբ Լեհաստանի Սեյմում ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, ինչի համար մենք շնորհակալ ենք:
Հարգելի՛ ներկաներ,
եզրափակելով խոսքս` ևս մեկ անգամ իմ երախտագիտությունն եմ հայտնում այս արժեքավոր ցուցահանդեսի բացման կապակցությամբ:
Վստահ եմ, որ հայ-լեհական բարեկամությունն ունի գերազանց ապագա, և մենք պատրաստ ենք աշխատել մեր լեհ գործընկերների հետ` հանուն այդ ապագան կերտելու և հանուն հաջորդ սերունդներին հայ-լեհական բարեկամության ոգին փոխանցելու»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը:
Նշենք, որ հոկտեմբերի 21-ին Վարշավայի քաղաքապետարանը և Լեհաստանում ՀՀ դեսպանությունը Վարշավայի Մերձակա «ԻՄ ՄԱՅՐԻԿ» անտառում կազմակերպելու են խորհրդանշական 650 ծառերի ծառատունկ՝ ի նշանավորում Լեհաստանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն շնորհված հատուկ արտոնության 650-ամյա հոբելյանի։
Հիշեցնենք, որ 2017 թվականը հայ-լեհական միջպետական հարաբերություններում առանձնահատուկ է, քանի որ այս տարի լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչպես նաև Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակը:
Հարակից հրապարակումներ`
- Արա Բաբլոյանը հանդիպել է Լեհաստանի Սենատի մարշալեկի հետ
- Հայաստան կայցելի Լեհաստանի արտգործնախարարը
- «Լեհաստանը հավասարակշիռ մոտեցում ունի ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ». Լեհաստանի նախագահ
- Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Վարշավա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան