«Ինչպե՞ս խուսափել Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմից». Ճեպազրույց ԱՄՆ Կոնգրեսում
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հելսինկյան Հանձնաժողովում տեղի է ունեցել ճեպազրույց «Ինչպե՞ս խուսափել Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմից» խորագրով, որին մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Քերի Քավանոն, Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Մագդալենա Գրոնոն և ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Այս մասին տեղեկացնում է Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հելսինկյան Հանձնաժողովի պաշտոնական կայքը։
Մագդալենա Գրոնոն անդրադառնալով 2016թ ապրիլյան պատերազմին նշել է, որ դրանից պետք է դասեր քաղել և այն ապացուցել է, որ ամեն պահի հակամարտությունը կարող է նորից բռնկվել։
«Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգեցրած գործոններից շատերը ոչ միայն առկա են, այլև ավելի են սրվել»,- նշել է վերջինս:
Հակամարտության կարգավորման խոչընդոտ Մագդալենա Գրոնոն համարել է կողմերի միջև վստահության բացակայությունը։
«Ավելին, Ադրբեջանը միջնորդներին կասկածում է ներկա ստատուս քվոն ամրապնդելու փորձի մեջ։ Մյուս կողմից հայկական կողմն այլևս չի վստահում անվտանգության երաշխիքներին»,-նշել է ՄՃԽ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավարը:
Անդրադառնալով Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև տեղի ունեցած հանդիպմանը, Գրոնոն ողջունել է այդ փաստը, սակայն նշել է, որ դեռ պարզ չէ, թե արդյոք կլինեն որևէ փոփոխություններ. «Եթե վերսկսված գործընթացը չօգնի հակամարտության կարգավորմանը, մենք կբախվենք այն փուլին, երբ կմեծանա նոր լարվածություն բռնկվելու հավանականությունը։ Չեմ կարծում, որ նոր բռնկումը կողմերի շահերից չի բխում, քանի որ այն լուրջ մարդկային կորուստների կհանգեցնի»:
ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի նախկին համանախագահ դեսպան Քերի Քեվինոն ընդգծել է, որ ռազմական գործողությունների հնարավորությունը նվազագույնի հասցնելու համար կողմերին անհրաժեշտ է իրականացնել արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ շփման գծում միջազգային դիտորդների թիվն ավելացնել և նրանց հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի հետաքննության լիազորություններ տալ:
Վերջինս նշել է, որ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների ինքնորոշումը երեք կարևոր հարցեր են, սակայն դրանց հիման վրա հակամարտության կարգավորման հասնելն այնքան էլ հեշտ հարց չէ։
«Եթե կողմերն ի վիճակի չեն դրանք իրականացնել, միգուցե, մենք պետք է փոխարենը այլ ուժերի միջև համաձայնագրերի ստորագրմանը հասնենք: Օրինակ, Թուրքիան և Ռուսաստանը կարող են պարտավորվել չմիջամտել, եթե հակամարտությունը ռազմական գործողությունների վերածվի: Միացյալ Նահանգներն կարող է Ռուսաստանի հետ հատուկ ծառայությունների տվյալներ փոխանակել Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտումների վերաբերյալ»:
Ջեյմս Ուորլիքն իր հերթին նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները պետք է լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկեն և բանակցությունների համար լավ մթնոլորտը ապահովվեն. «Նրանք իրենց ժողովուրդներին պետք է պատրաստեն խաղաղության, ոչ թե պատերազմի։ Նրանք պետք է միասին աշխատեն երկարատև խաղաղության համար»: