«Կրթության հիմնահարցերը 21-րդ դարում» գիտաժողովը ԵՊՀ-ում է համախմբել տարբեր երկրների գիտնական-մանկավարժների
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի կողմից կազմակերծված «Կրթության հիմնահարցերը 21-րդ դարում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը Մայր բուհում համախմբել է տարբեր երկրների գիտնականների ու մանկավարժների՝ քննարկելու, վերլուծելու կրթության ու մանկավարժության ոլորտում առկա հիմնահարցերը:
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն Նազիկ Հարությունյանը գիտաժողովի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ երկու օրերի ընթացքում քննարկելու են այն խնդիրները և հարցերը, որոնք առկա են տարբեր երկրների և գիտության, ու կրթության ոլորտում. «Նպատակն է մեկտեղել գիտնական-մանկավարժներին՝ հասկանալու և ճանաչելու, թե ինչպիսի ձեռքբերումներ կան տարբեր երկրներում, ինչն էլ կնպաստի փորձի փոխանակմանը, փոխճանաչմանը, որն էլ իր հերթին բերում է նաև զարգացման»։
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրենի համոզմամբ՝ գիտնականների սերտ ու արդյունավետ համագործակցությունը կարող է նպաստել շատ հիմնահարցերի լուծմանը։
«Այսօրվա գիտաժողովին մասնակցում են հինգ երկրների՝ Նիդերլանդների, Ավստրիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Վրաստանի կրթական ոլորտի մասնագետերն ու փորձագետները: Մասնակցում են ՀՀ-ում գիտաժողովի մասնակից երկրների դեսպանատան, ՀՀ ԳԱԱ, Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրի (DAAD), ինչպես նաև հայաստանյան մի շարք բուհերի ներկայացուցիչեր: Շատ կարևոր է, որ ներկա են նաև ուսանողները, որոնք կկարողանան ուսանողական նստարանից ճանաչել այն բոլոր հիմնախնդիրները, որոնք այսօր կան տարբեր երկրներում»,- հավելեց Նազիկ Հարությունյանը։
Գիտաժողովի բացման ժամանակ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը կարևորելով մանկավարժների դերը սերնդի ապագայի հարցում՝ նշեց. «Հենց մանկավարժներն իրենց փորձով պետք է նպաստեն երիտասարդների զարգացմանն ու կայացմանը: Կարծում եմ՝ չկա ավելի հետաքրքիր մասնագիտություն, քան մանկավարժությունն է, որովհետև մեր ձեռքում կա գործիք, որն օգնում է ստեղծել ապագայի մարդուն»։
ԵՊՀ ռեկտորի խոսքով՝ նման հանդիպումները դրական են ազդում 21-րդ դարի կրթական դերի ըմբռնման վրա։
Միջոցառման մասնակիցներից Մայնի Ֆրանկֆուրտի համալսարանի պրոֆեսոր, գիտաժողովի համակազմակերպիչ Թիլման Ալլերտը լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ գիտաժողովի արդյունքում համատեղ որոշում կունենան, ինչն էլ հնարավորություն կտա ավելի արդյունավետ կառավարել կրթական գործընթացը:
Պրոֆեսորի համոզմամբ՝ մանկավարժության կարևորագույն ասպեկտներից մեկը ամենօրյա հաղորդակցությունն է:
«Այս առումով մենք դեռ անելիքներ ունենք: Կարևոր է ընկալել, թե ինչպես է ուսուցիչը ստեղծում իր նյութերը, ինչպես է մատուցում դրանք 40 րոպեի ընթացքում, ինչպես է կազմակերպում դասը, առհասարակ ինչպես է հաղորդակցվում աշակերտների հետ: Հենց այս ապեկտների վրա պետք է ուշադրություն դարձնել առաջին հերթին», - նշեց նա:
Բացման արարողությունից հետո լիագումար նիստում զեկույցներով հանդես եկան ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն Նազիկ Հարությունյանը՝ «Մանկավարժական աքմեոլոգիա. 21-րդ դարի որոնումներ», ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը՝ «ՀՀ բարձրագույն կրթության համակարգի հիմնախնդիրները», Մայնի Ֆրանկֆուրտի համալսարանի պրոֆեսոր Թիլման Ալլերտը՝ «Մանկավարժական հաղորդակցման սկզբնական ձևերը» թեմաներով։
Գիտաժողովը նվիրված է ԵՊՀ մանկավարժության ամբիոնի 96-ամյակին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները