Ստեղծվել է «Երիտասարդական կինոալիք» նախաձեռնությունը
ՀՀ Կինեմատոգրաֆիստների միությանն առընթեր ստեղծվել է «Երիտասարդական կինոալիք» նախաձեռնությունը, որը միտված է մինչև 35 տարեկան կինոգործիչների համախմբմանը, ֆիլմերի ցուցադրությանը, բաց քննարկումների և վարպետության դասերի կազմակերպմանը, ինչպես նաև տարեկան երկու կարճամետրաժ և երկու վավերագրական ֆիլմերի ստեղծմանը:
Միությունից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ սույն նախաձեռնության շրջանակներում ՀՀ Կինեմատոգրաֆիստների միության նորընտիր նախագահ Հարություն Խաչատրյանի նախաձեռնությամբ ձեռք է բերվել համաձայնություն մասնակցելու Բիշկեկում կայանալիք կինոֆորումին, որի ընթացքում երիտասարդ ռեժիսորները հնարավորություն կունենան ցուցադրել իրենց ֆիլմերը և մասնակցել մի շարք վարպետության դասերի:
Ֆորումին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել մինչև 35 տարեկան կինոռեժիսորներ՝ 2017 թվականին նկարահանված ֆիլմերով: Մասնակցելու համար հարկավոր է մինչև սույն թվականի հոկտեմբերի 21-ը ֆիլմերը ներկայացնել ՀՀ Կինեմատոգրաֆիստների միության ընդունարան:
Մասնակիցների անունները պարզ կդառնան 2017 թվականի հոկտեմբերի 30-ին: