ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին է արժանացել Ipod-ի ստեղծող Թոնի Ֆադելը
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2017 թվականին ՀՀ նախագահի մրցանակին արժանացել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը: Հաղթողի անունը հայտարարվեց այսօր՝ ՀՀ Նախագահի նստավայրում ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2017 թվականի մրցանակաբաշխության թեմայով հրավիրված ասուլիսի ժամանակ:
ՀՀ Նախագահի մրցանակի մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը նշեց, որ Թոնի Ֆադելը լեգենդար անձնավորություն է, որը թվային iPod նվագարկչի հայտնագործողն է: Մինչև 2008թ. Ֆադելն աշխատել է Apple ընկերությունում, եղել է հատուկ ծրագրերի ղեկավարը: 2010թ. հիմնադրել է «Նեսթ Լաբս» ընկերությունը, որը երեք տարի հետո շուրջ 3 միլիարդ դոլարով վաճառել է Google-ին: «Նա մի շարք հայտնագործությունների հեղինակ է: Ի դեպ նա ամենաերիտասարդ մրցանակակիրն է, որին մենք հյուրընկալելու ենք Հայաստանում»,-ընդգծեց Հովիկ Մուսայելյանը:
Մրցանակաբաշխության կազմկոմիտեի նախագահ, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը նշեց, որ մրցանակին արժանացած Թոնի Ֆադելն իր կերպարով, իր ներդրմամբ, ՏՏ ոլորտի զարգացման առումով ունի հետաքրքիր ու նշանակալի համբավ:
«Մեզ համար մրցանակաբաշխությունն ունի նաև խորհրդանշական իմաստ այն առումով, որ դրա միջոցով ուշադրություն ենք սևեռում Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարներին: Տեխնոլոգիական զարգացումը Հայաստանի հեռանկարներից մեկն է, որում մեծ ներդրում են ունենալու հենց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները: Մենք շատ ենք կարևորում այս միջոցառման անցկացումը, որի հիմնական նպատակն է Հայաստանն աշխարհին ճանաչելի դարձնել` որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լուրջ առաջընթաց ունեցող երկիր»,- ասաց Արմեն Գևորգյանը:
Մրցանակաբաշխության հովանավոր «Վիվա Սել» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ևս կարևորեց միջոցառումը՝ շեշտելով, որ ՏՀՏ ոլորտի զարգացումը Հայաստանի կարևոր հրամայականներից է:
Ըստ նրա՝ ոլորտը զարգացնելու ուղղությամբ լուրջ աշխատանքներ են պետք, որպեսզի Հայաստանը ոլորտում արձանագրած հաջողությունների և առաջընթացի առումով միջազգայնորեն ավելի ճանաչելի դառնա: «Այս մրցանակաբաշխությունն էլ հենց դրան է միտված, քանի որ մենք մրցանակ ենք հանձնում ոլորտում լուրջ հաջողությունների հասած և համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանց, որոնք ժամանում են Հայաստան և իրենց փորձով կիսվում երիտասարդ հայ մասնագետների հետ»,- հավելեց Ռալֆ Յիրիկյանը:
Նշենք, որ լիբանանյան ծագումով ամերիկացի գյուտարար Թոնի Ֆադելը Հայաստան կայցելի նոյեմբերի 14-15-ին: Այդ ժամանակ էլ տեղի կունենա մրցանակի պաշտոնական հանձնման արարողությունը:
Հիշեցնենք, որ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի ամենամյա մրցանակին 2010 թվականին արժանացել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը: «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի երկրորդ մրցանակակիրն է: Մրցանակաբաշխության երրորդ մրցանակը ստացել է «Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը: Չորրորդ մրցանակին արժանացել է Կիսահաղորդիչային արդյունաբերության ասոցիացիայի նախագահ, կիսահաղորդիչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ, «Հիթաչի»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն: 2014-ին էլ ՀՀ նախագահի մրցանակին արժանացել է «Սիսկո» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլան, իսկ 2015-ին շնորհվել է «Կասպերսկու լաբորատորիայի» գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկիին: 2016թ-ին էլ ՀՀ նախագահի ամենամյա մրցանակին արժանացել է ֆրանսիացի գիտնական, դեյտագրամի գյուտարար, ինտերնետի և համացանցի նախահայրերից մեկը, Open-Root կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան