Այս կրակոցով Ադրբեջանը ցույց տվեց իր գործի և խոսքի անհամապատասխանությունը. Շարմազանով
«Դժբախտաբար այսօր այս կրակոցով, Ադրբեջանի Հանրապետությունը ցույց տվեց իր գործի և խոսքի անհամապատասխանությունը»,- այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպմանը, մասնավորապես, բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությանը՝ միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու և հավելյալ քայլեր կատարելու՝ շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով: Մինչդեռ հանդիպումից երեք օր անց՝ այսօր, Արցախում հակառակորդի կրակոցից 19-ամյա զինծառայող է զոհվել:
«Սրանով իսկ Ադրբեջանը ցույց տվեց, որ չի հարգում իր կողմից ընդունված միջազգային պարտավորությունները, որոնք ընդամենը մի քանի օր առաջ ընդունել էր Ժնևում և որի մասին գրավոր հրապարակային հայտարարություն հնչեց համանախագահների և երկու բանակցող կողմերի անունից »,-ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նա իր ցավակցությունը հայտնեց զոհված զինծառայողի ընտանիքին և հայ ժողովրդին:
«Բոլորը զինվորները մեր երեխաներն են: Գլուխ եմ խոնարհում բոլոր հերոսների և այսօր զոհված մեր երիտասարդ զինվորի հիշատակի առջև: Ադրբեջանը ցույց է տալիս, որ պատրաստ չէ կառուցողական բանակցությունների, որ սա կրակոց է ոչ միայն հայաստանյան կողմի, այլև ժնևյան պայմանավորվածությունների նկատմամբ: Կարծում եմ, որ գոնե հիմա միջազգային հանրության կողմից պետք է ուղիղ և հստակ արձագանք լինի »,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ այսօր Արցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում հակառակորդի կրակոցից 19-ամյա զինծառայող է զոհվել
- «Հնարավոր չէ սահմաններին կրակել իրար վրա և արդյունքի հասնել բանակցություններում»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան