Երկու առողջապահական ինստիտուտ կմիավորվեն
ՀՀ առողջապահության նախարարության առջև դրված կանոնադրական գործառույթների առավել նպատակային, արդյունավետ իրականացման, աշխատանքների օպերատիվ կազմակերպման, կրկնվող գործառույթները բացառելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականների հիման վրա ուսումնասիրվել են նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների գործառույթների շրջանակը, դրանց համապատասխանությունը նախարարության` ՀՀ օրենսդրությամբ սահմանված նպատակներին և խնդիրներին:
Ուսումնասիրությունների արդյունքում հիմնավորվել է նախարարության աշխատակազմի առանձին հաստիքների կրճատման անհրաժեշտությունը, ինչպես նաև նախարարության աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ (ներառյալ նոր ստորաբաժանումներ ստեղծելու միջոցով) կատարել գործող կառուցվածքում:
Մասնավորապես` նախատեսվում է նախարարության Արտաքին կապերի բաժինը վերակազմավորել Միջազգային հարաբերությունների վարչության:
Ելնելով «Թեժ գիծ» ծառայության աշխատանքի կարևորությունից և հաշվի առնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը՝ նախատեսվում է ՀՀ ԱՆ աշխատակազմի կառուցվածքում ստեղծել առանձին ստորաբաժանում: Այն հնարավորություն կտա ծառայության գործառույթներն իրականացնել ավելի արդյունավետ: Արդյունքում կկրճատվի 35 հաստիք և կխնայվի ավելի քան 86 մլն դրամ:
Կառավարությունն ընդունել է նաև «Ն.Բ.Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ» և «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ները միացման ձևով վերակազմակերպելու մասին» որոշում: Արդյունքում ակնկալվում է առողջապահական համակարգում առկա ռեսուրսների առավել նպատակային օգտագործում և ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության կառույցների գործունեության օպտիմալացում: Արդյունքում կկրճատվի 11 հաստիք և կխնայվի 9 մլն դրամ: