Եվրամիության անդամ որոշ երկրներ «Ադբեջանական լվացքատան» մեղադրանքները լուրջ չեն ընդունել
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ)-ը, չնայած լվացքատան վերաբերյալ մեղադրանքներին, շարունակում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին։ Այս մասին գրում է Eurasianet-ը։
http://www.eurasianet.org/node/85596
Հոկտեմբերի 18-ին ՎԶԵԲ-ը հաստատել է, որ 500 միլիոն դոլարի ֆինանսավորում է տրամադրում Ադրբեջանի կողմից ղեկավարվող Անդրանատոլիական գազատարի (TANAP) համար, որի միջոցով Կասպից Ծոցի բնական գազը կմատակարարվի Արևմտյան Եվրոպա։
ՎԶԵԲ-ի այս որոշումը դիտորդական խմբերի կողմից քննադատության է արժանացել՝ բանկին մեղադրում են ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցում անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ։
«Մենք ցավում ենք, որ լրացուցիչ էներգակիրների արդյունահանումից և Եվրոպա մատակարարումից շահելու են միայն կորպորացիները և բռնապետական կառավարությունները, և այն ավելի շատ արժեք ունի, քան սովորական մարդկանց ազատությունը»,-նշել է CEE Bankwatch Network-ի ներկայացուցիչ Աննա Ռոգենբակը:
«Ադրբեջանական լվացքատուն» անվամբ հետաքննությունը ցույց է տվել, որ ՎԶԵԲ-ի վարչության անդամներից Կալին Միտրևն առնվազն 425 հազար եվրո է ստացել ադրբեջանական մի ընկերության կողմից։
Միտրևը հերքել է, որ որևէ մեղադրանքները և վստահեցրել, որ վճարումները խորհրդատվական աշխատանքների համար են եղել: Նրա կինը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան է, ով վիճելի պարգևի է արժանացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կնոջը` Մեհրիբան Ալիևային։
Ինչ վերաբերում է Հարավային գազային միջանցքին, ապա Եվրահանձնաժողովից պարբերականին հայտնել են, որ ԵՄ-ի նպատակները չեն փոխվել։
«Եվրամիությունը հավատարիմ է և աջակցում է Հարավային գազային միջանցքին և այն դերին, որ վերջինս խաղում է ԵՄ ռազմավարություն հարցում՝ մեր էներգակիրների մատակարարման աղբյուրների և տրանսպորտային երթուղիների բազմազան դարձնելու գործում, ինչպես նաև որպես այս մեծ նախագծի մասնակից Ադրբեջանի կարևորագույն դերին»,-նշված է հայտարարության մեջ։
Անհավանական է նաև, որ լվացքատան վերաբերյալ սկանդալը լուրջ ազդեցություն կունենա ներդրումների վրա։ Բացահայտումներից ընդամենը մեկ օր անց British Petroleum-ը և նրա միջազգային յոթ գործընկերները ստորագրեցին համաձայնագիր՝ մինչև 2050թ. Ազերի-Չիրագ - Գյունեշլի նավթի և գազի հանքավայրի վերաբերյալ, ինչը ցույց է տալիս, որ դա սովորական բիզնես է։
Ոչ պակաս կարևոր էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի շնորհավորական նամակը Ալիևին այդ համաձայնագրի առթիվ, ինչը ենթադրում է, որ Եվրամիության անդամ որոշ երկրներ «լվացքատան» մեղադրանքները լուրջ չեն ընդունել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան