Ստեփանակերտում կայացել է «Դադիվանք» ֆիլմի առաջնախաղը
Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն Սինեմա» կինոդահլիճում տեղի է ունեցել «Դադիվանք» փաստավավերագրական ֆիլմի առաջնախաղը: Ֆիլմը պատմում է Դադիվանք միջնադարյան վանական համալիրի մասին: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ֆիլմի սցենարի հեղինակ Ռիտա Շարոյանն ասել է, որ առաջին անգամ լինելով Դադիվանքում՝ չկարողացավ անտարբեր լինել այդ հրաշքի նկատմամբ:
«Վանքերը պետք է աղոթող ունենան, և մեր առաքելությունն է այդ աղոթքին մասնակից դարձնել ողջ հայությանը»,-նշել է նա՝ հավելելով, որ նպատակ ունի առաջիկայում ֆիլմը թարգմանել անգլերեն և այն հասանելի դարձնել աշխարհին:
Ֆիլմի ռեժիսոր Ավետիս Պետրոսյանն իր խոսքում նշել է, որ նկարահանման աշխատանքները սկսելուց առաջ լիարժեք ծանոթացել է թե վանքի և թե այնտեղ գտնվող ամեն մի խաչքարի պատմությանը:
«Մեր խնդիրն էր Դադիվանքը ներկայացնել որպես մեր ազգային ինքնության պահպանման համար կարևոր նշանակություն ունեցող մի սրբավայր և հայկական մշակույթի հարստություն»,- ասել է նա և հավելել, որ յուրաքանչյուր ռեժիսորի համար հպարտություն է իր ազգի պատմությանն անդրադառնալը:
Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն էլ արժևորել է Դադիվանքը՝ որպես մի զորեղ սրբավայր ամբողջ քրիստոնյա աշխարհի համար, որովհետև այնտեղ են գտնվել սուրբ Դադե առաքյալի մասունքները, շուրջ 800 տարվա հնություն ունեղոց որմնանկարներ, քրիստոնեությունը տարածող 500 միաբաններով վանական համալիր:
Դադիվանք միջնադարյան վանական համալիրը գտնվում է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում՝ Դադիվան լեռան լանջին՝ Թարթառ գետի ձախ ափին։ Եղել է Մեծ Կվենք գավառի հոգևոր առաջնորդարանը։ Կոչվել է նաև Խութավանք, որովհետև կառուցվել է խութի (բլրակի) վրա։ Ավանդության համաձայն, եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից 1-ին դարում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան