
Առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման համար նախապայմաններ չեմ տեսնում. Աշոտ Մանուկյան
«Եթե կառավարությունը՝ ի դեմս էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության, փորձի միջամտել սակագների ձևավորմանը, ապա մեր երկրում կխաթարվեն տնտեսական քաղաքականության հիմքերը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշաների նախարար Աշոտ Մանուկյանը՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր բարձրացման մասին հարցին:
Ըստ նրա, Կառավարությունը ստեղծել է անկախ մարմին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով և սակագների կարգավորումը այդ անկախ մարմնի բացառիկ իրավասությունն է:
«Հարցի վերջնական պատասխան կարող է տալ միայն Հանձնաժողովը», - նշեց Աշոտ Մանուկյանը:
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմանը, նախարարն ասաց, որ առաջիկայում սակագների բարձրացման համար նախապայմաններ չի տեսնում: