Հայաստանն ու Լեհաստանը մեծ ներուժ ունեն տնտեսական ոլորտում. ՀՀ ԱԳ նախարար
Հայաստանն ու Լեհաստանը մեծ ներուժ ունեն տնտեսական ոլորտում, ինչի լիարժեք օգտագործման համար հատկապես կարևոր են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, որի հեթական նիստը նախատեսված է այս տարվա դեկտեմբերին: Երևանում Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկիի հետ կայացած համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա նշեց, որ վերջին շրջանում զարգացել է համագործակցությունն ապակենտրոնացված, գիտակրթական, մշակութային բնագավառներում, համագործակցում են միջազգային կառույցերի շրջանակներում:
Է. Նալբանդյանն ասաց, որ այս տարի հայ-լեհական հարաբերություների համար մեծ կարևորություն ունեցող երկու իրադարձություն են նշում՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Լեհաստանում հայկական համայնքի ձևավորման 650- ամյակը:
Նախարարի ներկայացմամբ, տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել նվիրված լեհահայությանը՝ ցուցահանդեսներ, համերգներ, գիտաժողովներ, Լեհաստանի նախագահը նախագահական պալատում հատուկ ընդունելություն է կազմակերպել այս կապակցությամբ:
«Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր բարձրաստիճան փոխայցելությունների, արդյունավետ քաղաքական երկխոսության և ծավալուն իրավապայմանագրային դաշտի ստեղծման միջոցով մեր երկրներին հաջողվեց կայուն հիմք կառուցել հայ-լեհական հարաբերությունների համապարփակ և բովանդակալից զարգացման համար թե երկկողմ, թե բազմակողմ մակարդակներում»,- ասաց Է. Նալբանդյանը:
Նա նշեց, որ այս օրերին պաշտոնական այցելությամբ Լեհաստանում է գտնվում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որն արդյունավետ հանդիպումներ է ունեցել:
«Երեկ Ազգային ժողովի պատվիրակության ներկայությամբ Լեհաստանի սենատը բանաձև է ընդունել հայ համայնքի կազմավորման 650-ամյակի կապակցությամբ, որտեղ կարևորվում է հայերի դերակատարությունը լեհական պատմության մեջ, և շնորհակալություն հայտնում լեհական մշակույթում ունեցած ստեղծարար ներդրման համար: Նույն օրը սենատում բացվել է «Հայերը Լեհաստանում» խորագրով ցուցահանդես: Այս ամենն առավել քան խորհրդանշում է հայ-լեհական դարավոր բարեկամությունը»,- ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին