Նախագահին հավատարմագրերն է հանձնել Դանիայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Դանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Մադսենը (նստավայրը՝ Կիև): Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-դանիական հարաբերությունների զարգացման նպատակով դեսպան Մադսենն ի սպաս կդնի մասնագիտական կարողություններն ու հարուստ փորձը և մեծ դերակատարում կունենա երկկողմ կապերի աշխուժացման գործում:
Զրուցակիցները երկուստեք նշել են, որ Հայաստանի և Դանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարում դեռևս չի կարելի վստահորեն պնդել, որ ամբողջությամբ օգտագործվել է երկու երկրների միջև հարաբերությունների և տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման մեծ ներուժը՝ չնայած վերջին շրջանում միջպետական հարաբերություններում արձանագրված որոշակի աշխուժությանը:
Դեսպան Մադսենը, նշելով, որ հայ-դանիական հարաբերությունները շատ ավելի վաղ են ձևավորվել, ընդգծել է, որ պատմականորեն ձևավորված այդ հարաբերությունները երկուստեք պարտավորեցնում են ավելի մեծ ուշադրությամբ և հոգատարությամբ վերաբերվել երկկողմ կապերի ամրապնդմանը: Դեսպանը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ժամանակահատվածում ջանք ու եռանդ չի խնայի Հայաստանի և Դանիայի միջև կապերի սերտացման և խորացման գործում իր ներդրումն ունենալու համար:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարին, բրյուսելյան առաջիկա գագաթնաժողովին, որի շրջանակներում նախատեսվում է ստորագրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Դեսպան Ռուբեն Մադսենը նշել է, որ ԵՄ-ում Դանիան հանդես է գալիս Միության հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների սերտացման օգտին:
Հանրապետության Նախագահը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում կարևորել է նաև միջխորհրդարանական դիվանագիտության դերը:
Նախագահ Սարգսյանը և դեսպան Մադսենը հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան