Հայաստան-ԵՄ համաձայնագրի հանդեպ ՌԴ-ի վերաբերմունքը պարզ կլինի Մեդվեդևի այցից հետո. փորձագետ
Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի վերաբերյալ Ռուսաստանի վերջնական վերաբերմունքը մինչ այժմ անորոշ է։ Սակայն երբեք չի կարելի բացառել, որ այդ երկիրը կփորձի այլ եղանակներով հասկացնել համաձայնագրի՝ իր համար անցանկալի լինելը։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Միջազգային և անվտանգության hարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով համաձայնագրի ստորագրումից ընդամնեը մեկ ամիս առաջ ՌԴ վարչապետի՝ Հայաստան սպասվող այցի հնարավոր ազդեցությանը։
«Այս պահին համենայնդեպս նշաններ չկան, որ Դմիտրի Մեդվեդևը հաստատապես ազդանշաններ կուղղի Հայաստանին առ այն, որ ԵՄ-ի հետ նոյեմբերին ստորագրվելիք համաձայնագիրն իրենց սրտով չէ։ Ռուսաստանը վերջին ամիսներին նման վերաբերմունք չի դրսևորել։ Անգամ Սոչիում կայացած Սարգսյան-Պուտին հանդիպումից հետո ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հայտարարվեց, որ Հայաստանը պատրաստվում է ստորագրել նոր համաձայնագիրը, ավելին, օրեր առաջ հրախպարակվեց համաձայնագրի տեքստը»,- նշեց մեր զրույցակիցը։
Ստյոպա Սաֆարյանի խոսքով, հավանական է, որ Ռուսաստանի կողմից հստակ դիրքորոշում չարտահայտելը պայմանավորված համաձայնագրում առանձնակի վտանգ կամ սպառնալիք չտեսնելով։
Ըստ փորձագետի կարծիքի՝ Հայաստանի ռազմավարական դաշնակցի հստակ վերաբերմունքը միանշանակորեն պարզ կլինի Դմիտրի Մեդվեդևի սպասվելիք այցից հետո, երբ Երևանում կհնչեն առաջին հայտարարությունները և հայտնի կդառնան այդ հայտարարությունների վերաբերյալ ռուսական փորձագիտական շրջանակների կարծիքները։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու հոկտեմբերի 24-ին: ՌԴ վարչապետը հոկտեմբերի 25-ին Երևանում մասնակցելու է նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին:
Հարակից հրապարակումներ`
- Մեդվեդևի այցի ընթացքում փաստաթղթեր են ստորագրվելու
- Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման աշախատանքներն իրենց հետագծով են շարժվում. Պյոտր Սվիտալսկի
- Պյոտր Սվիտալսկին հույս ունի, որ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը նոյեմբերին կստորագրվի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին