Ախալքալաքի ՏԻՄ ընտրություններից առաջ հայ 3 թեկնածուների դեմ PR արշավ է սկսվել. վրացագետ
Ախալքալաքում հոկտեմբերի 21-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից առաջ սկանդալ է հասունանում: «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը հայազգի երեք թեկնածուներին՝ Էդիկ Բերիկյանին, Կարապետ Ալոյանին և Էդուարդ Էլյազյանին (3-ն էլ ներկայացնում են «Վրացական երազանք» կուսակցությունը), մեղադրում է Սահմանադրությունը խախտելու և ընտրություններին հայկական անձնագրերով մասնակցելու փորձի մեջ:
Ստեղծված իրավիճակի մասին Panorama.am-ի թղթակիցը զրուցեց վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ, ով փաստեց, որ ընտրություններից մեկ օր առաջ իսկապես թեժ պատկեր է ստեղծվել։ Ընդ որում, շատ դեպքերում իրար դեմ են դուրս եկել հայ թեկնածուները։
«Ախալքալաքի քաղաքապետի պաշտոնի համար ընտրություններին մասնակցող բոլոր ուժերն առաջադրել են հայ թեկնածուների՝ բացառությամբ Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժման»։ Բոլոր հայերը, իրենց բարեկամ-հարազատներով, լծված են նախընտրական պայքարին։ Ինչ վերաբերում է «Եվրոպական Վրաստան» կուսակցությանը, ապա դրա անդամները նախկինում Սաակաշվիլիի թիմակիցներն էին, ակայն ավելի ուշ անջատվեցին և առանձին ուժ ձևավորեցին։ Այդ կուսակցության շարքերում նաև շատ հայեր կան»,- նկատեց մեր զրուցակիցը։
Ջոնի Մելիքյանն ընդգծեց, որ հայ 3 թեկնածուները Վրաստանի քաղաքացիներ են, և «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը սադրանքի է դիմում՝ ընտրություններին ընդառաջ փորձելով աղմուկ բարձրացնել։
«Վրացական երազանք» կուսակցությունը, որի անդամ են Էդիկ Բերիկյանը, Կարապետ Ալոյանը և Էդուարդ Էլյազյանը, արդեն իսկ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ և տեղեկացրել, որ նրանք բոլորն էլ Վրաստանի քաղաքացիներ են։ Կուսակցության մամուլի քարտուղարը սադրանք տարածողներին մեղադրել է սև PR-ի մեջ՝ հայտարարելով, որ նրանք ապացույցներ չունեն»,- ասաց վրացագետը։
Ջոնի Մելիքյանը վստահություն հայտնեց, որ Ախալքալաքում վաղը կայանալիք ընտրություններինլուրջ հաջողությունների հասնելու հնարավորություններ ունի հատկապես իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցությունը՝ քաղաքապետի հայ թեկնածու Յուրիկ Ունանյանի գլխավորությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան