Դավիթ Բաբայան. «Դա հեշտ չէ, երբ ունենք ահաբեկչական մտածելակերպ ունեցող հակառակորդ»
Հոկտեմբերի 16-ին Ժնևում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Արցախյան խնդրի լուծման տարբերակների մասին թեև որևէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, սակայն պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել լարվածությունն էլ ավելի թուլացնելու շուրջ՝ առաջնագծում զոհեր չունենալու համար։
Ժնևյան հանդիպումից ընդամենը 3 օր անց՝ հոկտմբերի 19-ին, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, սակայն, հակառակորդի գնդակից զոհվել էր 1998թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը:
Այսօր էլ Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2300 կրակոց:
Ադրբեջանի դրժողական քաղաքականության և սահմանին չկրակելու պայմանվորվածությունները խախտելու շուրջ Panorama.am-ի թղթակիցը զրուցեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի հետ։
Վերջինս նկատեց, որ հայկական կողմը գործ ունի ահաբեկչական պետության հետ՝ ի դեմս Ադրբեջանի:։
«Այդ երկիրը միշտ էլ դիմում է նման քայլերի։ Սա մեկ անգամ ևս կարևորում է Ադրբեջանին պատասխանատվության կանչելու մեխանիզմների վերհանումը։ Իհարկե, այս ամենը չի նշանակում, որ Ժնևյան հանդիպումն անարդյունավետ է եղել կամ որ հանդիպումներ առհասարակ պետք չեն։ Հակառակը, հանդիպումներ պետք են։ Ճիշտ է, դրանք հակամարտության կարգավորման վերջնական կարգավորման տեսանկյունից դիտարկելը ճիշտ չէ։ Բուն կարգավորումը մոտ ապագայում տեսանելի չէ, բայց ամենառեալ և գուցե ավելի կարևոր գործընթաց է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը» ,- նշեց Դավիթ Բաբայանը։
Հարցին, թե՝ բանակցային նոր մոտեցումներ քննարկվո՞ւմ են՝ հաշվի առնելով, որ արդեն քանի տարի է՝ Ադրբեջանը նույն մարտավարությունն է կիրառում՝ հանդիպումներից առաջ և հետո կրակում է սահմանին, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Բնական է՝ տարբեր մոտեցումներ պետք է քննարկվեն։ Բայց դա հեշտ չէ, երբ, կրկնում եմ, ունենք ահաբեկչական մտածելակերպ ունեցող հակառակորդ։ Այս առումով դժվարություններ կան։ Արցախյան հակամարտությունը աշխարհում ամենաբարդ հակամարտություններից մեկն է»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում հակառակորդի կրակոցից 19-ամյա զինծառայող է զոհվել
- Սերժ Սարգսյան. Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս
- Սարգսյան-Ալիև հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում. հայտարարություն
- ՀՀ Նախագահի խոսնակ. Բանակցություններն ավարտվեցին
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին