Ջավախքահայ 3 գործիչներն անարգել կերպով մասնակցում են ՏԻՄ ընտրություններին. հայազգի պատգամավոր
ՏԻՄ ընտրությունները Ջավախքում այսօր առավոտյան մեկնարկել են առանց խախտումների։ Բոլոր ընտրատեղամասերը բացվել են ժամանակին, ջավախքահայերը բավական ակտիվ մասնակցություն են ցուցաբերում քվեարկությանը։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Ջավախքի շրջանային ժողովի պատգամավոր Ֆյոդոր Թորոսյանը։
Վերջինիցս հետաքրքրվեցինք՝ արդյոք ընտրություններին մասնակցում են «Վրացական երազանք» կուսակցության հայազգի թեկնածուներ Էդիկ Բերիկյանը, Կարապետ Ալոյանը և Էդուարդ Էլյազյանը, որոնց «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը մեղադրում էր Սահմանադրությունը խախտելու և ընտրություններին հայկական անձնագրերով մասնակցելու փորձի մեջ:
Ֆյոդոր Թորոսյանը տեղեկացրեց, որ վերջիններս անարգել կերպով մասնակցում են ՏԻՄ ըտրություններին, քանի որ փաստաթղթերի հետ կապված խնդիրներ չեն հայտնաբերվել։ Սակայն Վրաստանի արդարադատության նախարարությունը ընտրություններից հետո լրացուցիչ կերպով կստուգի նշված 3 և կասկածելի մի շարք այլ թեկնածուների փաստաթղթերը։ Օրենքի խախտում հայտնաբերելու դեպքում նրանք, թեկուզև ընտրված քաղաքական գործիչներ, ստիպված կլինեն վայր դնել մանդատները։
«Բայց քանի դեռ Էդիկ Բերիկյանի, Կարապետ Ալոյանի և Էդուարդ Էլյազյանի փաստաթղթերում որևէ խնդիր չի հայտնաբերվել, ոչ ոք չի կարող սահմանափակել նրանց իրավունքը՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին»,- շեշտեց Ջավախքի շրջանային ժողովի պատգամավորը։
Ֆյոդոր Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ ինքն այս ընտրություններին չի առաջադրվել և շրջանային ժողովի առաջին նիստը գումարելուն պես վայր կդնի պատգամավորական մանդատը։