
Արցախի ՊՆ. Ադրբեջանը կրկին կիրառել է «ՍՊԱՅԿ» հակատանկային հրթիռ
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:05-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ:
Արցախի ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, շփման գծում լարվածությունը չխորացնելու համար, շարունակել են ցուցաբերել զսպվածություն և պատասխան գործողությունների չեն դիմել:
Այսօր առավոտյան Արցախի ՊՆ-ն տեղեկացրել էր, ոչ հոկտեմբերի 22-ին, Ադրբեջանի զինված ուժերը խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ:
«Կատարվածը փաստում է, որ, ինչպես միշտ, Բաքուն ոչ միայն հակված չէ ձեռքբերված պայմանավորվածությունը նպատակաուղղել հակամարտության խաղաղ կարգավորմանն ու չարդարացված կորուստների բացառմանը, այլև հակառակը՝ կանխամտածված սադրանքների միջոցով գնում է իրադրության ապակայունացմանը»,-նշել էին ՊՆ-ից ու հրապարակել տեսանյութ: