Իրանագետ. Եվրամիության որևէ երկրի դեռ չի հաջողվել տնտեսական լուրջ կապեր հաստատել Իրանի հետ
«Իրանի միջուկային համաձայնությունից անցել է շուրջ երկու տարի, սակայն Եվրամիության որևէ երկրի դեռ չի հաջողվել տնտեսական լուրջ կապեր հաստատել Իրանի հետ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Արմեն Իսրայելյանը:
Իրանագետի կարծիքով, դա բնականաբար պայմանավորված է օբյեկտիվ մի շարք պատճառներով՝ պատժամիջոցների ոչ լիարժեք վերացում, իրանական ապրանքների մրցունակություն, որակով պայմանավորված եվրոպական ապրանքների բարձր գին, վիզային քաղաքականություն և այլն. Թեև պետք է նշել, որ անցնող երկու տարիների ընթացքում դեպի Իրան եվրոպացի զբոսաշրջիկների թիվը նշանակալի աճ է գրանցել:
«Իրանի առևտրային հիմնական գործընկերները շարունակում են մնալ այն երկրները, որոնց հետ Իրանը տնտեսական կապեր է ունեցել նաև մինչև միջուկային համաձայնությունը:
Արտահանման մասով Իրանի հիմնական գործընկերներն են՝ Չինաստանը, Իրաքը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հարավային Կորեան և Հնդկաստանը, համապատասխանաբար Իրանն ամենաշատ ապրանքները ներկրում է Չինաստանից, ԱՄԷ-ից, Թուրքիայից, Հարավային Կորեայից և Հնդկաստանից»,-գրում է նա: