Մեծ Բրիտանիայի դեսպան. Նկատել եմ, թե հայկական ընտանիքներն ինչքան բարձր են գնահատում կրթությունը
Հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված նախաձեռնությունների շրջանակում բրիտանական դեսպանատունը Բրիտանական խորհրդի հետ համագործակցությամբ կազմակերպում է Best of British Education կրթական ցուցահանդեսը: Բացումը նախատեսված է հոկտեմբերի 25-ին:
Ցուցահանդեսի վերաբերյալ լրագրողների հետ հանդիպմանն այսօր մանրամասներ ներկայացրեց դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը: Նրա խոսքով, Best of British Education կրթական ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է ինչպես տարբեր ոլորտների մասնագետների, այնպես էլ ուսանողների և դպրոցականների համար ծանոթանալու Միացյալ Թագավորությունում, Հայաստանում և այլուր բրիտանական որակյալ կրթություն ձեռք բերելու հնարավորություններին, մասնագիտական զարգացման և վերապատրաստման ծրագրերին ու անգլերենի ուսուցման և թեսթավորման ծրագրերին:
«Հայաստանում գտնվելուս ավելի քան երկու տարիների ընթացքում ես նկատել եմ, թե հայկական ընտանիքներն ինչքան բարձր են գնահատում կրթությունը։ Հետևաբար ես շատ ուրախ եմ, որ հետզհետե աճում է բրիտանական համալսարանների հետաքրքրվածությունը՝ խթանելու հայաստանյան հաստատությունների հետ կապերը։ Նաև ուրախ եմ, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հետաքրքրված է կիրառելու բրիտանական փորձը՝ դպրոցներում անգլերենի դասավանդումը բարելավելու նպատակով», -ասաց ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:
Ասուլիսի մյուս բանախոս Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը նշեց, որ կրթական ցուցահանդեսների շնորհիվ հայաստանցի ուսանողները կկարողանան ծանոթանալ այն հնարավորություններին, որոնք ընձեռում է Միացյալ Թագավորությունը:
Ցուցահանդեսի մասնակիցները հնարավորություն կունենան մասնամասն տեղեկություններ ձեռք բերելու այնպիսի կրթական ծրագրերի մասին: Կներկայացվեն նաև բրիտանական հանրահռչակ հրատարակչությունների գրքերը: